Սահմանադրական փոփոխություններին նվիրված իրապատում հեռուստանախագծի շրջանակում այսօր՝ նոյեմբերի 13-ին, «Այո» եւ «Ոչ»-ի ճակատի անդամներն այցելել են Արագածոտնի մարզի Ուշի համայնք:

Ուշիում են շոուի «հյուսիս» ուղղության «Այո»-ի կողմնակից ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, «Ոչ»-ի կողմնակից «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանն ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Նարեկ Այվազյանը:

Ռեալիթի շոուի մասնակիցները մտել են նաեւ խանութներ եւ հետաքրքրվել նրանց հուզող հարցերի մասին: Աշխատակիցներից մեկը նշել է, որ գյուղում մարդիկ հիմնականում պարտքով են առեւտուր անում, ապա ցույց է տվել պարտքի ցուցակը:

Նշենք, որ Ուշիում դիմադիր եւ ընդդիմադիր գործիչները փորձել են համոզել, թե ինչու պետք է կողմ կամ դեմ քվեարկել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի խոսքով՝ գործող Սահմանադրությամբ Հայաստանը կիսանախագահական երկիր է, սակայն ակնհայտ է, որ ողջ իշխանությունը կենտրոնացված է նախագահի ձեռքում:

«Մեր երկրի նախագահը միշտ ունեցել է խորհրդարանական մեծամասնության աջակցությունը: Հիմա կա օրինաչափություն, նախագահական ընտրությունների արդյունքում մեկը հաղթում է ու ձեռք է բերում ամեն ինչ: Ընդդիմադիր թեկնածուն, ստանալով հասարակության շատ մեծ մասի վստահությունը, որևէ ազդեցություն չի ունենում դեպքերի վրա: Այս հարցը շտկվում է նոր սահմանադրությամբ»,- ասել է նա:

«Ոչ»-ի ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանն էլ նշել է, որ տարբերությունը մեկն է՝ եթե նախկինում 3 անգամ էին 5000 դրամ բաժանում, հիմա մի անգամ են բաժանելու:

Ի դեպ, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը գյուղի պապիկների հետ շախմատ է խաղացել, իսկ Միքայել Մելքումյանը՝ նարդի: