Սյունիքի մարզի Լծեն գյուղի տներից մեկի հացատանն այսօր՝ նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան կախված հայտնաբերված 50-ամյա Բենիկ Հարությունյանը գրություն է թողել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Լծենի գյուղապետ Հրահատ Նիկոլյանը, որը նաեւ տղամարդու բարեկամն է:
«Գրել է՝ չէիք հավատում, որ ես ասում էի, իմ ընտանիքը չեմ կարողանում փրկել, դրա համար գնում եմ էս քայլին»,- ասաց գյուղապետը:
Գյուղապետը պատմեց, որ Բենիկ Հարությունյանը հոգեկան խնդիրներ ուներ, բուժման համար մի քանի օրից պետք է Երեւան՝ հոգեբույժի մոտ գնար:
«Ինքը վախեցել էր, դրանից հոգեկան շեղումներ էր նկատվում մոտը: Ասում էր՝ գալու են իմ հետեւից, գալու են կախեն ինձ, երեխեքիս»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ նախկինում տղամարդը դեղեր է օգտագործել, այս անգամ պետք է բերեին ստացիոնար բուժման:
Բենիկ Հարությունյանը երեք զավակների հայր էր: Որդիներից մեկը դպրոցահասակ է, մյուսը սովորում է Երեւանի պետական մանկավարժական համալսարանում, դուստրն ամուսնացած է: Ընտանիքը Սիսիանում վարձով էր բնակվում, Լծենում նրան հայրական տունն է, որտեղ էլ 50-ամյա տղամարդու հայրը որդու դին կախված է գտել հացատանը:





























