Անկախ դատական համակարգ ունենալու լավագույն տարբերակը Սահմանադրական փոփոխություններն ու կառավարման խորհրդարանական համակարգը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում ասել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը, որը Սահմանադրական փոփոխություններին նվիրված իրապատում հեռուստանախագծի շրջանակում այցելել է Մեղրի:

«Եթե ուզում ենք անկախ դատական համակարգ, անկախ դատավորներ, ապա պետք է փոխենք կառավարման համակարգը: Նույնը վերաբերում է Կենտրոնական բանկի նախագահի եւ մյուս կարեւոր պաշտոնների նշանակմանը: Առ այսօր նախագահն էր դա անում, որեւէ պատասխանատվության չէր ենթարկվում: Մենք պետք է այս գերկենտրոնացվածությունը կոտրենք»,- ասել է Հրայր Թովմասյանը:

Մեղրեցիների դիտարկմանը, թե նախագահի աշխատանքը թիմային է, Թովմասյանն ընդգծել է. «Նախագահը զրո պատասխանատվություն ունի, նա խորհրդարան չի գալիս, ոչ մեկին պատասխանատու չէ: Գերկենտրոնացված է իշխանությունը, այդ պատճառով ենք ցանկանում փոխել Սահմանադրությունը»:

Հրայր Թովմասյանը կրկին հիշեցրել է, որ ընդդիմությունը լայն հնարավորություններ է ստանում:

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը մեղրեցիներին բացատրել է, որ դեմ քվեարկելով իրենք «Ոչ» են ասում անարդարությանը, աղքատությանը. «Նոր Սահմանադրությամբ կրճատվում են քաղաքացու իրավունքները, ընտրելու իրավունքն էլ է կրճատվում»:

Կառավարման խորհրդարանական համակարգի անցնելով, Վարդան Այվազյանի խոսքով, տնտեսության վիճակը կկայունանա:

«Մարդիկ կհասկանան, որ ավելի լավ է «տոչնի» աշխատել, քան հարյուր մարդու հետ պայմանավորվել, իրենց հարցերը կարգավորել: Գործող կիսանախագահական համակարգում գործարարները գիտեին՝ մեկի հետ հարցերը լուծում են ու վերջ: Իսկ հիմա նման բան չի լինի»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը:

Հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի նախագահ Թամարա Գեւորգյանը համոզված է, որ «Այո»-ի հայտարարությունները պոպուլիստական են եւ իրականության հետ որեւէ աղերս չունեն:

«Եթե կառավարման արդյունավետությունից ենք խոսում, պետք է խոսել մեխանիզմներից: Ովքեր սխալվել են, պետք է պատժել, մշակել մեխանիզմներ եւ շարունակել աշխատել»,- նշել է Թամարա Գեւորգյանը:

Կենտրոնի նախագահի համար առավել անընդունելի է կառավարման այս համակարգը, քանի որ Հայաստանում զարգացած կուսակցություններ չկան, որոնք կարող են պայքարել առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

Նշենք, որ «Հարավ» ուղղության այո-ի մասնակիցներն են՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը, Հայաստանի PR ասոցիացիայի նախագահ Արման Սաղաթելյանը, ԱԺ «Հանրապետական» խմբակցության  պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Վարդան Այվազյանը: Իսկ ոչ-ի ճակատից  են հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի նախագահ Թամարա Գեւորգյանը, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը, ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: