Ադրբեջանը իր սադրիչ գործողություններով կրկին անգամ ապացուցում է, որ ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ով նաեւ իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինվորների ընտանիքներին, հարազատներին եւ մերձավորներին:
«Օրինաչափ է,որ ԵԱՀԿ` բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման ջանքերը ուղեկցվում են Ադրբեջանի սադրիչ գործողություններով»,-գրել է Քոչարյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) եւ Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.):
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:





























