ԼՂ բանակցություններում քիչ հավանական է այնպիսի մոտեցման որդեգրումը, որը կողմերից որեւէ մեկի համար ընդունելի չէ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ հավելելով, որ Ֆրանսիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ամեն ջանք ներդնում է հակամարտությանը խաղաղ բանակցային տարբերակով լուծելու համար, հաղորդում է «Ազատությունը»: 

Անդրադառնալով ռուսական «Կոմրեսանտի» հրապարակմանը, թե հայկական կողմի հետ քննարկվում է տարածքների զիջման հնարավորությունը, դեսպանը նշել է. «Մինսկի խումբն աշխատում է առաջ քաշված առաջարկությունների շուրջ: Բնականաբար շատ կարծիքներ ու առաջարկություններ արտահայտվեցին, մանավանդ հասարակության շրջանում շշուկների մակարդակով շատ ինֆորմացիա շրջանառության մեջ մտավ: Ես չեմ ուզում մեկնաբանել տարբեր ենթադրությունները, որոնք այսօր շրջանառվում են: Պարզապես կասեմ հետեւյալը՝ հիմնական մոտեցումը սա է․ հանգել այնպիսի մի լուծման, որը երկու կողմի համար էլ ընդունելի կլինի: Երեւի թե չի կարող խոսք լինել այն մասին, որ մենք ընդունենք մի այնպիսի մոտեցում կամ ենթադրություն կամ վարկած, որը կողմերից որեւէ մեկի համար ընդունելի չէ»:

Դիտարկմանը, թե Ադրբեջանի իշխող վերնախավից հնչում են կարծիքներ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը արդյունավետ չէ, իսկ Ֆրանսիան, որպես համանախագահող երկիր, անկողմնակալ չէ, Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն արձագանքեց․ «Նախ ես համաձայն չեմ, որ բոլորն այդ երկրում այդ կարծիքն են կիսում: Եվ, իմիջիայլոց, Մինսկի խումբը օժտված է ԵԱՀԿ-ի յուրահատուկ մանդատով, որը տալիս է գործելու այդ իրավասությունը: Այսօրվա դրությամբ, որքանով ես եմ տիրապետում տեղեկատվությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը փոփոխության ենթակա չէ: Յուրաքնաչյուր մարդ ազատ է մտածել այնպես ինչպես ուզում է: Այսօր մենք դեռ շշուկների փուլում ենք»: