Արագածոտնի մարզի մի շարք գյուղերում նոյեմբերի 12-ին  ուժեղ քամու հետեւանքով տուժած տների բնակիչները, որոնք զրկվել էին իրենց տանիքներից կամ էլ լուսամուտներից, ստիպված ժամանակավորապես իրենց հարազատների տանն են մնում: NEWS.am-ի հետ զրույցում Վարդենուտի գյուղապետ Կամո Սահակյանը նշեց, որ գյուղի շուրջ 40 տների բնակիչներ, որոնք ցուրտ եղանակի պատճառով չեն կարողանում մնալ իրենց առանց տանիքի եւ լուսամուտների տներում եւ իրենց ուժերով չեն էլ կարողանում վերանորոգել տները, ժամանակավորապես տեղավորվել են իրենց բարեկամների, ծանոթների տանը:

 «Շատ վատ վիճակում են, պետք է արագ կարգավորել այդ հարցը, քանի որ հնարավոր է, որ հենց վաղն էլ ձյուն գա ու գյուղացիները փաստի առաջ կանգնեն: Մարզպետարանից պետք է հանձնաժողով գար այսօր, որ վնասների չափը հաշվեր, սակայն չեկան, վաղն են գալու»,-ասաց գյուղապետը:

Մեզ հետ զրույցում Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ նոյեմբերի 12-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը մշտական հանձնաժողովի հետ այցելել է քամուց տուժած գյուղեր եւ ծանոթացել է իրավիճակին: Մարզպետարանի տեղեկացմամբ, այս պահին գյուղերում կատարվում է իրավիճակի ուսումնասիրություն, որպեսզի հնարավոր լինի հաշվել գյուղացիների վնասի չափը եւ փոխհատուցել գյուղացիներին:

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի մի շարք գյուղերում նոյեմբերի 12-ին, ուժեղ քամին քշել էր գյուղերի շուրջ 30-60 տան տանիք, ջարդել տան լուսամուտները, ծառերը կոտրել եւ գցել գազի խողովակների վրա, որի հետեւանքով դրանք վնասվել էին: