Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի խաղողագործները 30 դրամով իրացրել են իրենց խաղողի բերքի ողջ ծավալը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արեւիկի բնակիչներից Մարտիկ Մուրադյանը` նշելով, որ ամբողջ գյուղի մասշտաբով 150 տոննայից ավելի խաղողի բերքը 30-40 դրամով հանձնել են Երեւանում գտնվող կոնյակի արտադրությամբ զբաղվող «Մանչո Գրուպ» ընկերություն: Նրա խոսքով, բնակիչները ստիպված են եղել իրենց խաղողը էժան հանձնել, քանի որ հակառակ դեպքում, այն կփչանար:

«Ամենաբարձր գինը, որ տվել են մեզ 40 դրամն է եղել, բայց մեծ մասը 30 դրամով ենք հանձնել:  Գոհ չենք, քանի որ 2 միլիոն դրամի վարկ էինք վերցրել խաղող մշակելու համար, բայց այսօրվա դրությամբ չենք կարողանում այդ վարկը փակել: Իմ կարգավիճակում են գյուղի բնակիչներից շատերը, չգիտեմ էլ, թե ոնց ենք մուծելու վարկը»,-ասաց Մարտիկ Մուրադյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի խաղողագործներն հոկտեմբերի 28-ին բողոքի ակցիա են անցկացրել գյուղապետարանի դիմաց՝ պահանջելով լուծել իրենց խաղողի մթերման խնդիրը: Դրանից հետո գյուղապետարանի միջոցով խաղողագործները 40 դրամով իրենց խաղողի մի մասը կարողացել էին իրացնել տարբեր գործարաններում, որից հետո կրկին կանգնել էին փաստի առաջ: