Հրազդան քաղաքի Միկրոշրջան 32 շենքի 18 բնակարանում նոյեմբերի 12-ին տեղի ունեցած ուժեղ պայթյունից տուժած 21-ամյա Սարմեն Հակոբյանը եւ Էլզա Մանուչարյանն այդ բնակարանում միասին չեն բնակվել` Սարմեն Հակոբյանը, որը 68-ամյա կնոջ թոռան ընկերն է, դեպքի օրը տեսակցության էր գնացել նրան: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց 68-ամյա կնոջ բարեկամներից Բաբկենը` նշելով, որ Էլզա Մանուչարյանն արդեն երկար տարիներ է մենակ էր բնակվում:
Նշենք, որ դեպքի առթիվ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` պարզվել է, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 32 շենքի 18 բնակարանում հրդեհն առաջացել է գազի բալոնի պայթյունից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 68-ամյա Էլզա Մանուչարյանն ու Սարմեն Հակոբյանը 1 եւ 3-րդ աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:
68-ամյա կինը ստացել է խորը այրվածքներ, շոկային վիճակում է, նրա կյանքին վտանգ է սպառնում: Սարմեն Հակոբյանի վիճակը բավարար է:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 12-ին, Հրազդանի բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով Հրազդան քաղաքի Միկրոշրջան 32 շենքի 18 բնակարանի բնակիչ, 21-ամյա Սարմեն Հակոբյանին եւ նշված բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող 68-ամյա Էլզա Մանուչարյանին տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխել են Հրազդանի բժշկական կենտրոն, այնտեղից էլ Երեւան՝ Այրվածքաբանական կենտրոն:





























