Վայոց Ձորում երկու տարեց կնոջ սպանության մեջ մեղադրվող անչափահաս Նարեկի փաստաբան Վահե Մարգարյանը միջնորդելու է, որ իր պաշտպանյալի նկատմամբ դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննություն նշանակվի:
«Նարեկի գործողություններում դիտավորություն չկա»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահե Մարգարյանը:
Զինվորական ծառայության մեկնելու համար Երեւանում Նարեկը հետազոտություն է անցել, եւ պարզվել է, որ մտավոր հետամնաց է: Վահե Մարգարյանի խոսքով՝ Նարեկի ծնողները պետք է դիմեին դատարան՝ նրա նկատմամբ հսկողություն սահմանելու պահանջով: Սակայն, նրանք դա չեն արել, քանի որ օրենքին ծանոթ չեն:
Նշենք, որ Նարեկի հայրը հարկադիր բուժման մեջ է, գտնվում է հոգեբուժարանում: Ըստ տեղեկությունների՝ նա գողության համար դատապարտվել է, սակայն հոգեկան առողջության հետ կապված խնդիրների համար պատիժը կրում է համապատասխան բուժհաստատությունում: Նարեկի ընտանիքին ճանաչողները պնդում են, որ հայրը պարբերաբար բռնության է ենթարկել կնոջն ու երեխաներին: Այսօր մայրը պարտադրված աշխատում է մի քանի հաստատությունում՝ երեխաներին խնամելու համար:
«Նման դեպքերում օրենքը որեւէ կերպ չի պահանջում, որ նմանատիպ ընտանիքների երեխաները վերցվեն հսկողության տակ: Եթե ընտանիքը դիմեց դատարան, ուրեմն հսկողություն կսահմանվի: Հակառակ դեպքում պետությունը որեւէ գործառույթ չունի»,- նշեց Վահե Մարգարյանը:
2013թ. փետրվարին ստեղծվել է Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչությունը, որն աշխատանքներ է իրականացնում ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելման, բացահայտման, հաշվառման և համապատասխան աշխատանքների իրականացման ուղղությամբ։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի խոսքով, սակայն, իրենք գործող հրամանով իրավունք չունեն՝ աշխատելու նման խնդիր ունեցող անչափահասի հետ:
«Եթե անչափահասը երկու անգամից ավելի հայտնվում է ոստիկանի տեսադաշտում՝ հանցագործություն անելու համար, մենք հաշվառում ենք նրան եւ վերցնում մեր հսկողության տակ: Իսկ հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեցող անչափահասին մենք իրավունք չունենք հաշվառելու. դա օրենքի խախտում կլինի»,- նշեց Նելլի Դուրյանը:
Թե ով Հայաստանում պետք է վերահսկողություն սահմանի նման խնդիր ունեցող անչափահասի նկատմամբ, ոչ ոք չգիտի: Ստացվում է, որ երեխաների իրավունքները պաշտպանելու համար միջազգային տարբեր կազմակերպությունների անդամագրված Հայաստանի Հանրապետությունում այս հարցը դեռեւս կանոնակարգված չէ:
Անկախ վերահսկողական լծակներից եւ զինվորական կոմիսարիատի տրամադրած փաստաթղթից՝ դատաբժշկական փորձագետ, հոգեբանական գիտությունների դոկտոր Էլդա Գրինը համոզված է, որ նախաքննական մարմինն առանց փաստաբանի միջնորդության պետք է անմիջապես նշանակեր դատահոգեբանական- դատահոգեբուժական փորձաքննություն:
«Ոչ միայն հոգեբանը, այլեւ հոգեբույժը պետք է փորձաքննության ենթարկի տղային՝ հասկանալու արարքի դրդապատճառները: Պետք է մանրամասն ուսումնասիրվի սպանության յուրաքանչյուր դրվագ, Նարեկի յուրաքանչյուր գործողություն: Թե ոնց է մտել տուն, ոնց է սպանել տատիկներին, ինչու է օրերի տարբերությամբ նորից սպանություն կատարել: Միայն այս փորձաքննությունից հետո կստանանք մեր հարցերի պատասխանները»,- ասաց Էլդա Գրինը:
Փորձագետի խոսքով՝ 16 տարեկանում շատ հնարավոր են շեղումներ, այդ պատճառով համապատասխան փորձաքննությունից հետո երեխան պետք է բուժում ստանա:
Հիշեցնենք, որ 16-ամյա Ն.Խ.-ն հոկտեմբերի 21-ին մեղադրվում է Եղեգնաձորի 91-ամյա բնակչուհի Վ. Սիմոնյանին եւ Վերնաշեն գյուղի 87-ամկա Գ. Բարսեղյանին սպանելու, ապա ոսկյա ականջօղերը հափշտակելու մեջ:
Ն.Խ.-ն տվել է խոստովանական ցուցմունք: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի եւ 8-րդ կետորով (Շահադիտական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանություն): Երիտասարդը կալանավորված է:





























