Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ»-ը տալիս է մեկ հնարավորություն. 2018թ. Սերժ Սարգսյանը չի կարող վերընտրվել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, Սահմանադրական փոփոխություններին նվիրված «Իրապատում» հեռուստանախագծի շրջանակում Արագածոտնի մարզի Ապարան քաղաք այցի ժամանակ ասել է «Ոչ»-ի ճակատը ներկայացնող «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը:

«Պետք է դեմ քվեարկել Սահմանադրական փոփոխություններին, քանի որ Հանրապետությունում անբարենպաստ պայմաններ են ստեղծվել հենց իշխանության կողմից, որն էլ նախաձեռնել է փոփոխությունները: Համոզված եմ՝ եթե Սահմանադրությունն անցնի, ոչինչ էլ չի փոխվի: Հակառակ դեպքում, 2018թ. Սերժ Սարգսյանը կհեռանա»,- ասել է Արմեն Մկրտչյանը:

«Այո» քարոզող ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, սակայն, համաձայն չէ, որ Սահմանադրական փոփոխություններից հետո տնտեսական-սոցիալական վիճակը չի բարելավվելու:

«Սահմանադրական փոփոխություններից հետո երկրի տնտեսական վիճակի պատասխանատուն լինելու է համաիարգը, ստեղծվելու են համապատասխան մեխանիզմներ: Գործող Սահմանադրությամբ, նախագահը հինգ տարվա ծրագիր է ներկայացնում, կամ կատարում է դրանք, կամ չի կատարում եւ հեռանում է»,- ասել է պատգամավորը:

Միքայել Մելքումյանի խոսքով՝ Սահմանադրական փոփոխությունների առավելություններից է, որ մենաշնորհը երկրում վերանալու է:

«Մենք մենաշնորհի օրենք չունենք, սակայն նոր Սահմանադրությամբ ունենալու ենք: Բացի դրանից, անկախ դատական համակարգ ենք ունենալու: Նման շատ հարցեր կան, բայց մեխը կառավարման համակարգի փոփոխությունն է»,- ասել է ԲՀԿ-ական պատգամավորը՝ նշելով, որ լավին լավ պետք է ասել, վատին՝ վատ:

Ինչ վերաբերում է «Ոչ»-ի պնդումներին, թե կառավարման խորհրդարանական համակարգի դեպքում ունենալու ենք անվտանգության խնդիր, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանն ընդգծել է, որ ընդհակառակը, գործող Սահմանադրությունն է վտանգավոր:

«Պատկերացնենք մի իրավիճակ, երբ խորհրդարանում մեծամասնություն է դառնում մի քաղաքական ուժ, որի անդամը չէ Հանրապետության նախագահը: Սա նշանակում է, որ խորհրդարանական մեծամասնությունը վարչապետ է նշանակում իր կուսակցական ընկերոջը եւ այստեղ ստեղծվում է քաոսային իրավիճակ, որն առավել վտանգավոր է»,- նշել է Սամվել Ֆարմանյանը:

«Ոչ»-ի ճակատը ներկայացնող «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Նարեկ Այվազյանի խոսքով՝ Սահմանադրական փոփոխությունների մեջ կա երեք կետ, որը խնդրահարույց է եւ ապացույցն է, որ պետք է դեմ քվեարկել այս փոփոխություններին:

«Տարածքների փոփոխության մասին կետը, որն ասում է՝ ՀՀ տաևածքների կարելի է փոխել հանրաքվեի միջոցով: Սա շատ խնդրահարույց դրույթ է, քանի որ մենք արդեն որոշել ենք, թե մեր Հանրապետության տարածքը որն է: Երկրորդ, Ազգային ժողովի պատգամավորները կարող են փոխել Սահմանադրությունը, այդ դեպքում մենք ինչո՞ւ ենք Սահմանադրություն ընտրում: Երրորդ, կայուն մեծամասնություն ստեղծելու համար ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ դրույթն անարդար մոտեցում է մյուս քաղաքական ուժերի նկատմամբ»,- ասել է նա:

Նշենք, որ «Հյուսիս» ուղղության «Այո»-ի մասնակիցներն են՝ ԱԺ «Հանրապետական» խմբակցության  պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը: Իսկ ոչ-ի ճակատից  են «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանը, Պետրոս Մակեյանը եւ Վարդան Խաչատրյանը: