Վրացական մաֆիան, օգտվելով փախստականների զանգվածային հոսքից, ներգաղթյալների անվան տակ ծպտյալ գողեր է ուղարկում Գերմանիա։ Մի քանի ամիս անց նրանք վերադառնում են Վրաստան, հայտնում է գերմանական Focus ամսագիրը։

«Գերմանիայի սահմաններին փախստականների հոսքի պատճառով երկրի տարածք մտնելն ավելի հեշտ է դարձել, քանի օրինակ 2 տարի առաջ։ Դրա արդյունքում Գերմանիայում հայտնվել են Վրաստանի շատ քաղաքացիներ, որոնք ծպտվել են փախստականների անվան տակ եւ իբր թե ցանկանում են ապաստան ստանալ Գերմանիայում, թեեւ իրականում դա այդպես չէ»,- մեկնաբանում է Գերմանիայի Բավարիայի դաշնային հողի քրեական ոստիկանության պետ Յոհան Վենգենմայերը։

Երկու ամիս անց նրանք ավարով հետ են վերադառնում Վրաստան։ Վենգենմայերի խոսքով՝ Վրաստանի քաղաքացիների մեծ մասն առհասարակ շահագրգռված չէ ապաստան ստանալու հարցում։ «Այդ դեպքում նրանք պետք է մատնահետք հանձնեն, իսկ ո՞ր գողը դա կանի։ Նրանց մեծ մասը կարողացել է ինչ-որ կերպ խուսափել հաշվառումից»,- ասել է նա, փոխանցում է Inopressa-ն։

Գերմանիայի քրեական ոստիկանության աշխատակիցների միության նախագահ Էնդի Նոյմանը վստահ է, որ դրա հետեւում կանգնած է վրաց-ռուսական մաֆիան։ «Նման մեծ էթնիկ հանցագործ խմբավորումների առանցքային դեմքերը որպես կանոն լինում են արտասահմանից»։