Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ ուղղված հարձակումները, որի հետեւանքով նոյեմբերի 12-ին դիպուկահարների կրակոցից զոհվեցին 2 հայ զինծառայողներ, ընդգծում են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի եւ դեմոկրատ Էլիոթ Էնջելի առաջարկությունների իրագործման հարցում ԱՄՆ դերակատարության անհրաժեշտությունը: Այս մասին հաղորդում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը:
«ԼՂՀ ՊՆ տվյալներով, ադրբեջանցի դիպուկահարները Արցախի հարավային սահմանին նոյեմբերի 12-ի երեկոյան 21-ին, սպանել են շարքային զինծառայողներ 20-ամյա Վահե Վանոյանին եւ 19-ամյա Միքայել Թորոսյանին: Այս սպանությունների հետեւանքով միայն այս տարի հայկական կողմի մարտական կորուստները հասցրել են 33-ի:
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն առցանց քարոզարշավ է սկսել Կոնգրեսի անդամների շրջանում՝ կոչ անելով նրանց ճնշում գործադրել Օբամայի վարչակազմի վրա՝ Ռոյս-Էնջելի առաջարկներն ընդունելու առնչությամբ: Առաջարկները հետեւյալն են.
1. շփման գծից հակամարտող կողմերի դիպուկահարների հեռացում,
2. շփման գծում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից վերահսկվող նորարարական համակարգերի տեղադրում, որոնք հնարավորություն կտան հստակ իմանալ, թե կոնկրետ որ մասից է իրականացվել հարձակումը,
3. շփման գծում ավելի մեծ թվով ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտադիտարկողների տեղակայում, ինչը թույլ կտա ավելի հստակ արձանագրել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը։
Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն իրենց աջակցությունն են հայտնել այս փրկարար նախաձեռնությանը, իսկ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել դրանց իրականացմանը:
«Եթե դուք պաշտպանում եք խաղաղությունը, այցելեք www.anca.org/nkpeace կայք, եւ միացեք Ռոյս-Էնջելի առաջարկների անհապաղ իրականացման կոչին, որոնց կողմ են ԱՄՆ-ը, ԵԱՀԿ-ն, Հայաստանն ու ԼՂ-ն, բայց խոչընդոտում է Ադրբեջանը»,-հայտարարել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Արցախի բարեկամներն ու կողմնակիցները կարող են գրանցվել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կայքում եւ աշխատել հանձնախմբի մասնաճյուղերի հետ Վաշինգթոնում եւ տարբեր նահանգներում, որը համակարգելու է հանդիպումները Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչների հետ:





























