«Հրազդան» մարզադաշտի  սեփականատեր Աշոտ Աղաբաբյանն ակնկալում է, որ դատարանը նոյեմբերի 17-ին «ճշտի» օգտին որոշում կկայացնի, այսինքն՝ կորոշվի, որ «Հրազդան» մարզադաշտ» ընկերության նկատմամբ կիրառված 60 միլիոն դրամ տուգանքն անհիմն է։

«Այդ որոշումը ոչ թե իմ օգտին կլինի, այլ մարզադաշտի օգտին է։ Տուգանելով մարզադաշտը՝ գցեցին ծանր վիճակի մեջ։ Հարկայինի աշխատակիցների սխալ աշխատանքի պատճառով մի ամբողջ հիմնարկ քանդեցին գցեցին մի կողմ»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Աղաբաբյանը:

Հարցին, թե եթե դատարանի վճիռն այնուամենայնիվ իր օգտին չլինի, ինչ հետեւանքներ դա կունենա, չկա՞ն իրավիճակը շտկելու այլ ճանապարհներ, նա արձագանքեց. «Նորից եմ կրկնում՝ սա իմ օգտին չէ, ժողովրդի օգտին է, ես ընդամենը ղեկավարում եմ: էս երկրում, ով որ նման կառույցի հետեւից է ընկել, չարաչար սխալվում է։ Սա Աղաբաբյան Աշոտի  կառույցը չէ, մեքենա չէ, որ քշի տանի իրենց բակը, սա պատկանում է ժողովրդին»։

Սնանկացած գործարարը հիշեց, թե ինչ վիճակում է  մարզադաշտի ղեկավարումը ստանձնել ու ոտքի կանգնեցրել․«Ես որ  եկել եմ  ստադիոն,  եղել է թալանված, բետոնե շինություն եմ ընդունել, որը վերականգնել եմ, հիմա էն վիճակում է ստադիոնը, որ կարիք ունի ընթացիկ վերանորոգման, բայց դրա գումարը չկա: Դրա մեղավորը հարկային տեսչության աշխատողներն են, որ չհիմնավորված տուգանել են։ Սպասենք դատը կլինի՝ կտեսնենք»։

Հիշեցնենք, որ ֆինանսների նախարարությունը ստուգումներ էր իրականացրել Աշոտ Աղաբաբյանին պատկանող Հրազդան տոնավաճառում  եւ տուգանել  60 միլիոն դրամով:  Աղաբաբյանն այժմ դատարանում վիճարկում է  տուգանքի որոշումը եւ այն անհիմն է համարում: