Մարդիկ հիասթափված են եւ համոզված չեն, որ նոր Սահմանադրությամբ իրավիճակ է փոխվելու։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ հավելելով, որ նման կարծիքի է հանգել իր ընտրատարածքում մարդկանց հետ շփվելով:
«Իմ ընտրատարածքում բոլորն էլ պատրաստ են ընտրությունների, իհարկե դժգոհություններ կան՝ բավականին լուրջ, բայց դժգոհությունները ոչ թե սահմանադրական փոփոխության հետեւանքով են, այլ մարդիկ հիասթափված են, ասում են՝ ի՞նչ է փոխելու որ նոր Սահմանադրությունը։ Եթե հարյուր տոկոսով իմանան, որ բան է փոխվելու, հաստատ բոլորն էլ «այո» կասեն»,-ասել է պատգամավորը։
Նա վստահեցրել է, թե որպեսզի համոզվեն, որ լավ է լինելու, ինքն այդ ուղղությամբ աշխատում է, եւ որպես աշխատանք՝ հիշատակել է պատգամավորական տարիներին իր ընտրողներին ցուցաբերած աջակցությունը։
«Իհարկե, հաջողվում է համոզել, 13 տարի է կապ ունեմ իմ ընտրողների հետ, ոնց որ ընտանիք լինենք»,-նշել է պատգամավորը։
Նշենք, որ Աշոտ Աղաբաբյանը մեծամասնական համակարգով պատգամավոր է ընտրվել թիվ 33 ընտրատարածքից, որը ներառում է Շիրակի մարզի Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջանի գյուղերը:
Սահմանադրական փոփոխությունների դեպքում անցում կկատարվի 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի, ինչը նշանակում է, որ տեղերում պատգամավորներ չեն ընտրվելու:





























