Հայաստանում քաղաքական ինստիտուտները կկայանան միայն կառավարման խորհրդարանական համակարգի դեպքում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում Սահմանադրական փոփոխությունների նվիրված «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուի ժամանակ ներկաներին ասել է «Այո» քարոզող Արման Սաղաթելյանը:

«Մենք պետք է չեզոքացնել այն սուբյեկտիվ գործոնները, որոնք թույլ չեն տալիս զարգանալ: Մենք չունենք կայացած քաղաքական ինստիտուտներ: Այդ ինստիտուտները չեն կայանալու գործող կիսանախագահական համակարգում: Կապ չունի՝ նախագահական ընտրություններում ինչքան ձայն ես հավաքում, եթե չես հաղթում, քեզ մնում է սպասել, հետո նորից մասնակցել այդ ընտրություններին, նորից պարտվել»,- ասել է Արման Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ խորհրդարանական համակարգն առաջարկում է, որ մեծամասնություն կազմող քաղաքական ուժը չընտրի կարեւորագույն պաշտոնյաներին:

«Առաջարկում ենք, որ գլխավոր դատախազին, կենտրոնական բանկի նախագահին եւ մյուս պաշտոնյաներն ընտրվեն 3/5 մեծամասնությամբ, որ ընդդիմությունը պարապ չմնա, մասնակցություն ունենա այս բոլոր գործընթացներում»,- նշել է Արման Սաղաթելյանը:

Նույն կարծիքին է ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, որի խոսքով՝ միայն խորհրդարանական համակարգի դեպքում է հնարավոր Հայաստանում զարգացնել կուսակցությունները: Մինչդեռ ընդդիմադիր պատգամավոր, «Ոչ»-ի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը հիշեցրեց, որ պատմությամբ է ապացուցված՝ երբ մենք նախագահ չենք ունեցել, պարտվել ենք:

«Պատասխանատվությունը կոլեկտիվ չի կարող լինել: Բա որ թայֆայաբազության վերածվի՞»,- ասել է Բագրատյանը՝ նշելով, որ պատերազմական վիճակում գտնվող երկրի համար սխալ է համակարգի փոփոխությունը:

Նշենք, որ Քաջարանում քարոզարշավը բուռն է ընթանում, «Այո»-ի եւ «Ոչ»-ի կողմնակիցները միմյանց հետ անընդհատ բանավիճում են:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: