Լոռու մարզում նոյեմբերի 11-ից սկսված ուժեղ քամու հետեւանքով հոսանքազրկված համայնքներից 63-ում դեռեւս էլեկտրամատակարարումը չի վերականգնվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԷՑ ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Սարգսյանը:
Տնօրենի խոսքով՝ առաջին օրերին հոսանքազրկված 83 գյուղական ու 7 քաղաքային համայնքներում էլեկտրամատակարարման վերականգնման աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են: Երեկվա ընթացքում վերականգնվել էր համայնքների մեծ մասի էլեկտրամատակարարումը, իսկ հոսանքազրկված մնացած 23 համայնքներում նախատեսվում էր աշխատանքները ավարտին հասցնել այսօր, սակայն գիշերը բարձրացած ուժեղ քամու հետեւանքով հասանքազրկվել է եւս 40 համայնք: Քամին տապալել է 35.000 վոլտ հզորությամբ երկու հիմնասյուն: Երեկվա դրությամբ ընկել կամ ծառերի ծանրության հետեւանքով ջարդվել է 156 էլեկտրասյուն:
«Այս պահի դրությամբ առանց լույսի է մնացած 63 գյուղալան համայնք»,- նշեց ՀԷՑ ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Սարգսյանը՝ հավելելով, որ քամին առավելապես վնասել է Թումանյանի, Սպիտակի, Տաշիրի տարածաշրջանի գյուղերին:
Ըստ Գագիկ Սարգսյանի՝ այժմ մասնակի հասանքազրկված տարածքներ կան նաեւ քաղաքային համայնքներում:
ՀԷՑ ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղի տնօրենը դժվարացավ ասել, թե երբ կվերականգնվի ողջ մարզի էլեկտրամատակարարումը:
«Փորձելու ենք անել հնարավոր ամեն ինչ, որ որքան հնարավոր է շուտ լույս տանք ժողովրդին»,- ասաց նա:
Նշենք, որ ուժեղ քամու հետեւանքով հոսանքազրկվել են նաեւ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքը եւ մի շարք գյուղական համայնքներ:
«Էլեկտրամատակարարումը պարբերաբար արդեն վերականգնվում է մի շարք համայնքներում: Կոնկրետ Աշտարակ քաղաքը հոսանքազրկվել էր, հիմա արդեն 1 ժամ է էլեկտրամատակարարումը վերականգնվել է, իսկ գյուղերում արդեն մաս-մաս վերականգնվում են»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սաթենիկ Զորյանը՝ դժվարանալով ասել հոսանքազրկված համայնքների ընդհանուր թիվը:





























