Սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո Հայաստանն ունենալու է կայուն զարգացում, վերահսկելի եւ հաշվետու կառավարություն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, Սյունիքի մարզի Կապան քաղաքում Սահմանադրական փոփոխությունների նվիրված «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուի ժամանակ ներկաներին ասել է «Այո» քարոզող, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու պետք է «Այո» ասեն փոփոխություններին:
«Այո»-ն տալիս է կայուն եւ ցնցումներից զերծ զարգացում, վերահսկելի եւ հաշվետու կառավարություն, համաչափ զարգացում, քաղաքական ընդդիմության համաչափ ներկայացվածություն քաղաքական համակարգում, մոնոպոլիայի վերացում»,- ասել է Հրայր Թովմասյանը:
Թովմասյանի խոսքով՝ ներկայումս Հանրապետոթյունում սոցիալական վիճակը վատ է համակարգի պատճառով: «Ոչ» քարոզող, ՀԿ անդամ Թամարա Գեւորգյանը, սակայն, համաձայն չէ, որ սոցիալական վիճակի վատթարացման հիմնական պատասխանատուն իշխանություններն են եւ համակարգի փոփոխությամբ բարելավում չի լինելու:
Կառավարման համակարգի փոփոխության դեմ է նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, որը Կապանում հորդորել է դեմ քվեարկել:
«Մեր նման երկիրը, որը գտնվում է պատերազմական վիճակում, վտանգավոր է փոխել Սահմանադրությունը»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը:
Նշենք, որ Կապանում քարոզարշավը բուռն է ընթանում, քարոզարշավի մասնակիցները անընդհատ միմյանց հետ բանավիճում են, մեղադրում անարդարությունների մեջ:





























