ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում այսօր՝ նոյեմբերի 14-ին, տեղի ունեցավ վարժարանի կազմավորման 22-րդ տարեդարձը և առաջին կուրսի սաների երդման արարողությունը (ֆոտոռեպորտաժ):

Ավանդույթի համաձայն` բարձր առաջադիմության համար ՀՀ եւ ԼՂՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անձնական ինքնաձիգը ամրակցվեց 2-րդ ուսումնական վաշտի 1-ին դասակի սան Գագիկ Մատինյանին:

NEWS.am-ի հետ հետ զրույցում Գագիկը նշեց, որ Մոնթե Մելքոնյանի անձնական զենքը կրելն իրեն պարտավորեցնում է ավելի լավ սովորել:

«Տպավորությունները շատ մեծ են, ասես՝ Մոնթեի ոգին է ինձ պատել: Այս պարգեւն ինձ ավելի է խստացնում ու ձգում՝ եւ ուսման մեջ եւ կարգապահության առումով»,-ասաց 16–ամյա պատանին:

Գագիկի հայրը՝ Արթուր Մատինյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ որդին ինքնուրույն է որոշում կայացրել ընդունվել ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան:

«Փոքր տարիքում սեփական ցանկությամբ  ընտրել այս մասնագիտությունը, լավ սովորելու համար արժանանալ զորամասի բարձրագույն պարգեւին ինձ համար միայն հպարտություն է: 14 տարեկանում ինքնակամ որոշել է, որ պետք է այստեղ սովորի: Ես նույնիսկ չեմ էլ փորձել հակառակը համոզել, որովհետեւ դա իր ընտրությունն է, իր ճանապարհն ու ճակատագիրն է, իսկ ես միայն հպարտանում եմ նրանով»,-ասաց Արթուր Մատինյանը:

Նշենք, որ երդման հանդիսավոր արարողությունից հետո ռազմամարզական վարժարանի սաները հնարավորություն ստացան տեսակցել ծնողներին եւ հարազատներին, ապա մեկշաբաթյա արձակուրդի գնալ: