Հայաստանն ունի ներդրումային գրավիչ հնարավորություններ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ նշել է բրիտանական «Գրեյնջ հոլդինգ» ընկերության ղեկավար Շեյխ Ասադը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են բրիտանական ընկերության կողմից Հայաստանի էներգետիկայի բնագավառում ներդրումների իրականացման հնարավորություններն ու ծրագրերը: «Գրեյնջ հոլդինգ»-ի ղեկավարը նշել է, որ ընկերությունն ուսումնասիրել է Հայաստանի էներգետիկայի ոլորտում իրականացվող քաղաքականությունը եւ պարզել, որ մեր երկիրն ունի ներդրումային գրավիչ հնարավորություններ: Շեյխ Ասադի խոսքով՝ իրենք շահագրգռված են Հայաստանի էներգետիկայի, մասնավորապես, ջերմային էներգետիկայի արտադրության ոլորտում ներդրումների իրականացմամբ եւ պատրաստ են ներդնել շուրջ 400 մլն ԱՄՆ դոլար:

Վարչապետ Աբրահամյանը ողջունել է բրիտանական ընկերության՝ ներդրումներ կատարելու պատրաստակամությունը եւ նշել, որ Հայաստանը ներդրումների համար ունի լիբերալ հարկային դաշտ՝ ընդգծելով, որ կան բոլոր հնարավորությունները «Գրեյնջ հոլդինգ»-ի ներդրումային ծրագիրը հաջողությամբ կյանքի կոչելու համար: