Սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանի դատական համակարգը կանկախանա, երկրում կիրականացվեն սոցիալական, տնտեսական մի շարք դրական փոփոխություններ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ասել է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, որը Սահմանադրական փոփոխություններին նվիրված իրապատում հեռուստանախագծի շրջանակում այցելել է Արագածոտնի մարզի Ագարակ-Ոսկեվազ գուղեր:

 «Մենք չենք կարող հաջողություն ունենալ, եթե մեր մտածելակերպը չփոխենք: Պետք է պահանջեք գյուղացիներով գյուղապետարանից, մարզպետարանից, որ ձեր խնդիրները լուծվեն: Նոր սահմանադրությամբ օրենքն այնպիսին է, որ եթե պաշտոնյան գործառույթը լավ չկատարի միանգամից հրաժարական տա»,-ասաց Մելքումյանը:

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանն էլ գյուղացիների հետ զրույցում նշեց, որ գործող իշխանությունները սահմանադրական փոփոխություններն իրականացնում են՝ իրենց  վերարտադրության խնդիրը լուծելու համար:

«Եթե խորհրդարանական համակարգի էլ անցնենք, միեւնույնն էոչինչ չի փոխվելու, նույն իշխանություններն են, որոնք մինչեւ այսօր ոչինչ չեն արել»,-ասաց Նարեկ Այվազյանը:

«Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանն էլ գյուղացիներին հորդորեց սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասել՝ «նորից նույն ծուղակը չընկնելու համար»:

Նշենք, որ «Հյուսիս» ուղղության այո-ի մասնակիցներն են՝ ԱԺ «Հանրապետական» խմբակցության  պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը: Իսկ ոչ-ի ճակատից  են «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանը, Պետրոս Մակեյանը եւ Վարդան Խաչատրյանը: