Հայաստանի իշխանությունը պետք է միշտ զգա  ընդդիմության ուժը, երկիրը անձերով չպետք է կառավարվի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ասել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը, որը Սահմանադրական փոփոխություններին նվիրված իրապատում հեռուստանախագծի շրջանակում այցելել է Գորիս:

«Գործող սահմանադրութան փոփոխություններից հետո երկրում մեկ անձի  որոշմամբ որոշումներ չեն կայացվելու: Ազգը չի կարելի բաժանել՝ իշխանության եւ ընդդիմության, պետք է համագործակցելով աշխատենք: Չեմ ասում, որ փոփոխություններն ընդունելուց հետո բոլոր խնդիրերը վերանլու են, կլինեն խնդիրներ»,-ասաց Հրայր Թովմասյանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն էլ նշեց, որ Հայաստանը ահռելի տնտեսական խնդիրներ ունի, որոնք պառլամենտական կառավարման համակարգով չեն լուծվելու: Նրա խոսքով, այդ խնդիրները լուծելու համար երկրին հարկավոր է լիդեր՝ նախագահ, այլ բան է, որ գործող նախագահը չի կարող դրանք լուծել: Նա նշեց, որ խնդիրը կառավարման համակարգի համակարգումն է, ոչ թե կառավարման համակարգը փոխելը:

«Հստակ դեմ եմ սահմանադրական փոփոխություննեին, քանի որ դրանցպատճառով կրակն ենք ընկնելու: Երկրի կառավարման համար ամեն անգամ մի բան մոգոնել պետք չէ, պետք է ճիշտ կառավարել ընդամենը»,-ասաց նա՝ նշելով, որ խորհրդարանական կառավարման համակարգը կուսակցապետության է բերելու:

Նշենք, որ «Հարավ» ուղղության «Այո»-ի մասնակիցներն են՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը, Հայաստանի PR ասոցիացիայի նախագահ Արման Սաղաթելյանը, ԱԺ «Հանրապետական» խմբակցության  պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Վարդան Այվազյանը: Իսկ «Ոչ»-ի ճակատից  են հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի նախագահ Թամարա Գեւորգյանը, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը, ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: