Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  այսօր` նոյեմբերի 15-ին, այցելել է Շիրակի մարզի Արեւիկ գյուղ՝ հակառակորդի կրակոցից զոհված Վահե Վանոյանի տուն:  NEWS.аm-ի հետ զրույցում Արեւիկի գուղապետ Գարեգին Ստեփանյանը նշեց, որ նախարարը Վահե Վանոյանին հետմահու պարգեւատրել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Գարեգին Ստեփանյանը տեղեկացրեց, որ զոհված զինծառայողի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ գյուղի եկեղեցում:

Նշենք, որ Վահե Վանոյանի հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 16-ին Արեւիկ գյուղում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) եւ Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.):

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքայիններ Միքայել Թորոսյանը եւ Վահե Վանոյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։