Հակառակորդի կրակոցից նոյեմբերի 12-ին զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Միքայել Թորոսյանն այսօր՝ նոյեմբերի 15-ին, կդառնար 20 տարեկան, սակայն իր իսկ ծննդյան օրը նրան՝ զինվորական կարգով հուղարկավորեցին Ձորաղբյուր գյուղի գերեզմանատանը:
Հուղարկավորությանը ներկա էին ԶՈւ բարձրաստիճան զինվորականներ, Միքայելի ծառայակից ընկերները։
ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կրակոցից նոյեմբերի 12-ին զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Միքայել Թորոսյանը Երեւանի բնակիչ էր, 10 ամիս առաջ էր զորակոչվել բանակ:
Նա ավարտել էր քոլեջը, մասնագիտությամբ տնտեսագետ էր։ Միքայելին ընկերները հիշում են որպես զուսպ, խելացի տղայի, ծառայակիցները նշում էին, որ տասն ամսվա ծառայության ընթացքում նա աչքի է ընկել կարգապահությամբ ու բարեխիղճ ծառայությամբ։
Միքայելն ընտանիքի կրտսեր զավակն էր։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) եւ Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.):
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքայիններ Միքայել Թորոսյանը եւ Վահե Վանոյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։





























