Հայաստանում կիսանախագահական կառավարման համակարգն իրեն չարդարացրեց եւ մենք փոխում ենք այն խորհրդարանական կառավարման համակարգի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը, որը Սահմանադրական փոփոխություններին նվիրված իրապատում հեռուստանախագծի շրջանակում այցելել է Թալին:

«Ուզում ենք կառավարման համակարգը փոխել, քանի որ մենք շատ լավ գիտենք, որ մեր ժողովրդի վիճակը մեղմ ասած լավ չէ եւ բնականաբար սա հասկանալով՝ որպես քաղաքական միավոր հասկացանք, որ ժամանակն է ինչ-որ բան փոխելու»,-ասաց Մագարիտ Եսայանը:

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանն էլ նշեց, որ սահմանադրական փոփոխություններով իշխանությունների համար հնարավորւթյուն է ստեղծվում այժմյան թալանը շարունակելու, վերարտադրվելու համար:

«Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը դիմելով թալինցիներին հորդորեց «ոչ»  ասել սահմանադրական փոփոխությունների նախագծին՝ նշելով, որ այն կոչված  Հայաստանում գործող իշխանությունների գոծունեությունը հավերժացնելու համար:

Նշենք, որ «Հյուսիս» ուղղության այո-ի մասնակիցներն են՝ ԱԺ «Հանրապետական» խմբակցության  պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը: Իսկ ոչ-ի ճակատից  են «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանը, Պետրոս Մակեյանը եւ Վարդան Խաչատրյանը, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը: