Մարոկկոյի անվտանգության ծառայությունները երկուշաբթի ահաբեկչական մի խումբ են ոչնչացրել, որի անդամները նախատեսել էին ահաբեկչական գործողություններ իրականացնել թագավորության տարածքում: Այդ մասին ասվում է ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:  

Տեսչության տվյալների համաձայն, խումբը, որը կազմված էր չորս ծայրահեղականից, գործում էր Բենի-Մելալ քաղաքում (Կասաբլանկայից մոտ 160 կմ դեպի հարավ): Ձերբակալումն իրականացվել է Մարոկկոյի Դատական հետաքննությունների կենտրոնական բյուրոյի կողմից եւ ահաբեկչական սպառնալիքին դիմակայելուն ուղղված կանխարգելիչ պետական միջոցառումների մասն է կազմում, նշել են ՆԳՆ-ում: 

Հետաքննության ձեռք բերած նախնական տեղեկությունների համաձայն, «ծայրահեղականները ներգրավված են եղել գործողությունների մի պլանի նախապատրաստման մեջ, որը սպառնում էր Մարոկկոյի կայունությանն ու անվտանգությանը»: Նրանք մտադիր էին պայթուցիկ սարքերի կիրառությամբ ահաբեկչական գործողություններ իրականացնել, նշվում է հաղորդագրության մեջ:  Բացի այդ, հատուկ ծառայություններին հայտնի է դարձել, որ խմբի պարագլուխը ահաբեկչական գործողությունների իրականացման համար անհրաժեշտ նյութա-տեխնիկական աջակցության համար սերտ կապեր էր պահպանում մարոկկոյացի գրոհայինների հետ, որոնք հանդես են գալիս ահաբեկչական  «Իսլամական պետություն» խմբավորման շարքերում: