ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի գլխավորած պատվիրակությունը Կիեւում նոյեմբերի 12-13-ին «Ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ամենամյա տարածաշրջանային իններորդ համաժողովում» ներկայացրել է քաղաքացիական ծառայության ոլորտում նախատեսվող բարեփոխումները:

Ուկրաինայի քաղաքացիական ծառայության ազգային գործակալության ղեկավար Կոնստանտին Վաշենկոյի հրավերով նոյեմբերի 12-13-ին Ուկրաինայում էր գտնվում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի գլխավորած պատվիրակությունը` մասնակցելու Կիեւում հրավիրված «Ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ամենամյա տարածաշրջանային իններորդ համաժողովին»:

Վերջինիս նպատակն էր քննարկել ԵՄ եւ Արեւելյան գործընկերության երկրների քաղաքացիական ծառայության արդիականացման ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքն ու միտումները, իրականացնել փորձի փոխանակում ԵՄ ինստիտուցիոնալ զարգացման գործիքների` Twinning, TAIEX եւ SIGMA ծրագրերի կիրարկման շուրջ:

Համաժողովին մասնակցել են ներկայացուցիչներ Եվրահանձնաժողովից եւ SIGMA ծրագրից, ԱրԳ երկրներում Twinning եւ TAIEX գործիքների, CIB ծրագրի համակարգողներ, ԱրԳ երկրների քաղաքացիական ծառայության ղեկավարման եւ կազմակերպման մարմինների ղեկավարներ, փորձագետներ:

Երկօրյա համաժողովի ընթացքում մասնակիցները ծանոթացել են ԱրԳ երկրներում Twinning, TAIEX գործիքների եւ SIGMA ծրագրի կիրարկման արդյունքներին, կարծիքներ փոխանակել ոլորտում առկա արդիական հիմնախնդիրների շուրջ: Ներկայացվել են «Արեւելյան գործընկերությունը» նախաձեռնող ԵՄ երկրների հանրային կառավարման եւ քաղաքացիական ծառայության բարեփոխումների ժամանակակից մոտեցումները, դրանցում հանրային ներգրավվածության ապահովման ԵՄ անդամ պետությունների փորձը:

ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը ներկայացրել է Հայաստանի քաղաքացիական ծառայության ոլորտում նախատեսվող բարեփոխումները, այդ շրջանակներում ԵՄ-ի եւ ՍԻԳՄԱ ծրագրի հետ համագործակցության ընթացիկ նպատակները` կապված հիմնականում ԵՄ սկզբունքների հիման վրա բարեփոխումների ռազմավարության եւ դրանից բխող գործողությունների ծրագրի մշակման հետ: