Կոռուպցիայի դեմ պայքարի հանրային ճակատի ձեւավորումն առաջնային խնդիր է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ծաղկաձորում, «Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում բարեվարքության ամրապնդում եւ կոռուպցիայի դեմ պայքարը» խորագրով համաժողովի ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովն իրականացվում է ՀՀ ԿԳՆ, Եվրոպական Միության եւ Եվրոպայի Խորհրդի համատեղ նախաձեռնությամբ: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում շեշտել է, որ կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերը համակարգված բնույթ են կրում.
«Կրթության ոլորտը ներգրավված լինելով կառավարության հակակոռուպցիան ռազմավարության մեջ՝ դիտվում է կարեւոր թիրախային բնագավառներից մեկը: Պետությունը մշակում եւ ակնկալում է համալիր ծրագրեր՝ հիմնված միջազգային փորձի վրա: Կրթական համակարգում կոռուպցիոն ռիսկերն առկա են, եւ դրանք վտանգում են կրթության համակարգի արդյունավետ գործունեությունը՝ նախեւառաջ կրթության որակի, արդյունավետության եւ մատչելիության տեսանկյունից: Առաջիկա երեք տարիների համար այժմ մշակվում է ծրագիր, որտեղ նախատեսում ենք մասնակից դարձնել նաեւ հանրային կառույցներին, շահագրգիռ կազմակերպություններին ու կրթության իրական շահառուներին: Այս ծրագրի հիմնական նպատակը կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական իրական պահանջ ձեւավորելն է»,- նշել է Ա. Աշոտյանը եւ հավելել, որ կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի մասին հանրային պատկերացումները չափազանցված են՝ դրանց մասին ավելի շատ խոսվում է, քան դրանք կան: Նախարարի խոսքով՝ բոլոր սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի մասին տեղեկացվածության մակարդակը մի քանի անգամ գերազանցում է կոռուպցիոն գործընթացներին մասնակցության մակարդակից, որն այս պահին լուրջ մարտահրավեր է ԿԳՆ-ի համար: "Բարեփոխումների այն հսկայական գործընթացը, որն իրականացվում է, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում, չի կարող հաջողությամբ պսակվել, եթե չնվազեցվի կոռուպցիան ռիսկերի մակարադակը",- նշել է Ա. Աշոտյանը եւ հավելել, որ առաջնային խնդիրներից մեկն էլ կոռուպցիայի դեմ պայքարի հանրային ճակատի ձեւավորումն է: Նախարարի խոսքով` կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի կարեւոր թիրախներից մեկն էլ բուհերի ֆինանսավորման բազմազանեցումն է, որտեղ լուրջ առաջընթաց առայժմ չկա: Մյուս խնդիրը` սովորողների բարձրագույն կրթություն ստանալու մոտիվացիան է. "Քանի դեռ կա ուսանողության մի հատված, որը շահագրգիռ է այլընտրանքային մեխանիզմներով քննություններ ստանալու հարցում, չի գնահատում գիտելիքի ստացման անհրաժեշտությունը եւ չի առաջնորդվում այն աքսիոմատիկ ճշմարտությամբ, որ ապագայում գիտելիքն է լինելու իր բարեկեցության հիմնաքարը, այդքան ժամանակ մենք ունենալու ենք մշտական պայքար՝ ցածր արդյունավետությամբ: Ուսանողության ներգրավումը հակակոռուպցիոն պայքարի մեջ լրջագույն պրոբլեմ է, քանզի ամենամեծ ուժը, որ կարող է օգնել առավել արագ արմատախիլ անել կոռուպցիան՝ դա նախեւառաջ ուսանողությունն է: Իհարկե, նաեւ պետք է ընդունել, որ խնդիրը նաեւ օրենսդրական անկատարությունների ու վատ իմաստով ձեւավորված ավանդույթների ու բուհական կառավարման մեջ է",- իր խոսքում նշել է Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ կոռուպցիոն երեւույթների պատճառները բազմաբաղադիչ են:
Ա. Աշոտյանը նաեւ նշել է, որ պայքարը նաեւ որոշակի արդյունք է ապահովել, մասնավորապես, ըստ «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ավանդական հետազոտության տվյալների, որտեղ ներկայացվում է կոռուպցիայի մակարդակը տարբեր երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում, կրթության ոլորտը դուրս է մնացել «առաջատար եռյակից» եւ չի ներառվել երեք ամենակոռումպացված ոլորտների շարքում:
«Մեզ համար վերջնական ձեռքբերումը կլինի այն, որ հասարակության կողմից ընդհանրապես կրթության ոլորտում կոռուպցիայի ռիսկեր չդիտարկվեն»,- եզրափակելով նշել է նախարարը եւ հավելել, որ Արեւմտյան Եվրոպայի երկրների կոռուպցիայի դեմ պայքարի փորձը Հայաստանի համար կարող է օգտակար լինել: Համաժողովին ելույթ է ունեցել նաեւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: ԵՄ դեսպանի խոսքով՝ վերջին հետազտությունները փաստել են, որ Եվրասիական տնտեսական միության երկրների շարքում կրթության ոլորտի կոռուպցիան Հայաստանում գտնվում է համեմատաբար ցածր մակարդակի վրա:





























