Ես երբեք չեմ խոսել Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքների վերադարձի մասին, դա անհեթեթություն է:  Այդ մասին նոյեմբերի 16-ին լրագրողներին ասել է Ազգային Ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը` անդրադառնալով այն լուրին, թե իբր ինքը չի բացառում տարածքների  վերադարձը:  

Պատգամավորի խոսքով, իրեն ուղղակի որոշ մտքեր են վերագրել:  «Եթե նման բան լիներ, իմ գլուխը կպոկեին: Քանի որ դեռ չեն պոկել, ուրեմն չի եղել:  Լրատվամիջոցներից մեկը որոշել է այնպիսի վերնագիր դնել, որը ոչ մի կապ չունի իմ բառերի հետ:  Ես ասել եմ այն, ինչ մեր քաղաքական ղեկավարներն ասում են վերջին  25 տարվա ընթացքում: Ես իմ անունից ոչինչ չեմ ասել: Ասել եմ, որ Հայաստանը երբեք չի բացառել փոխզիջումային տարբերակը», - ընդգծել է Լեւոն Մարտիրոսյանը: Ինչպես Հայաստանի իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը խոսել են փոխզիջման հնարավորության մասին:  «Եթե ես լինեի որոշողը, նախ կվերադարձնեի Դաշտային Ղարաբաղը, հետո Նախիջեւանը, հետո Սուրմալուն` Արարատ լեռան հետ միասին, Ղարսը, Արդահանը, ամբողջ Արեւմտյան Հայաստանը, Կիլիկիան: Ես ավելի շատ եմ ազատ եւ անկախ Հայաստանի կողմնակից, քան մեր գործընկերները ՀՅ Դաշնակցությունից», - եզրափակել է Լեւոն Մարտիրոսյանը: