Սահմանադրության նոր նախագիծը մարդու իրավունքների եւ ազատությունների մասով կարող է մրցել եվրոպական ցանկացած երկրի սահմանադրության հետ: Այս մասին այսօր` նոյեմբերի 16–ին, Սյունիքի մարզի Տաթեւ գյուղում ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը` սահմանադրական փոփոխություններին նվիրված «Իրապատում» հեռուստանախագծի շրջանակում (ֆոտոռեպորտաժ):
«Չլինելով Եվրամիության անդամ` մենք մարդու իրավունքների հարցում մենք վերցրել ենք ավելի խորը չափորոշիչներ, իրավունքների ավելի ընդարձակ մի հատված, որի պարտավորությունը մենք չունենք նաեւ միջազգային առումով: Ուրախությամբ պետք է ասեմ, որ իրավունքների եւ ազատությունների մասով մեր Սահմանադրությունը կարող է մրցել եվրոպական ցանկացած սահմանադրության հետ: Բայց միաժամանակ հավատարիմ ենք մնացել մեր ազգային արժեհամակարգին եւ այն ինստիտուտները, այն դրույթները, որոնք հարիր չեն մեր մտածողությանը, կերպարին, տիպին, ինքնությանը, մենք դրանք բացառել ենք մեր Սահմանադրությունից»,-ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավարը:
Հրայր Թովմասյանը ընդգծել է, որ սահմանադրական փոփոխությունները միտված են կառավարման համակարգի փոփոխմանը, որը կապահովի հավասարակշռված քաղաքական իշխանություն:
«Այն կառավարման համակարգը, որը գործում է Հայաստանում, ցավոք սրտի, չի ապահովում պետության կայունությունը, հեռանկարային զարգացումը: Սահմանադրությունը փոփոխվում է, որպեսզի ընտրությունների հետեւանքով չլինեն հանրային մեծ բախումներ, չլինի հասարակության բեւեռացում, նպատակն է ունենալ հասարակշռված քաղաքական իշխանություն, որը գտնվում է ընդդիմության եւ հանրային վերահսկողության ներքո, ունենալ անկախ դատական իշխանություն»,-նշել է նա:
Հրայր Թովմասյանը նկատել է, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո անմիջապես դրական փոփոխություններ չեն գրանցվի, սակայն, սահմանադրական փոփոխությունները ավելի լավ հայրենիք ստեղծելու ճանապարհներից է:
«Էնպես չի, որ այս Սահմանադրությունը ընդունեցին, մեր երկրում, գյուղում, քաղաքում առկա բոլոր խնդիրները միանգամից լուծվելու են: Իրականում ավելի լավ, ավելի հզոր Հայաստան ունենալու հարցում ամեն ինչ մեր ձեռքում է, ոչ ոք չի գալու մեր փոխարեն ավելի լավ հայրենիք կառուցելու, եւ ես կարծում եմ, վստահ եմ, որ այս փոփոխությունները հնարավորություն են տալու ավելի լավ հայրենիք ստեղծելու»,-ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավարը:
Հրայր Թովմասյանի վերջին հայտարարությանն արձագանքելով` «Ոչ»–ի ճամբարի ներկայացուցիչ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը դիմեց տաթեւցիներին. «Կյանքն ու մահը ձեր ձեռքում պետք է լինի, բայց այս նախագծով խլել են ձեր ձեռքից»:
Տաթեւցիները Հրայր Թովմասյանին հարցեր չունեին, ինչի պատճառը, ըստ Արշակյանի, այն է, որ նրանք ծանոթ չեն Սահմանադրության նոր նախագծին:
«Մարդը 3 րոպեում չի կարող 150 էջանոց էս գիրքը կարդալ: Արա, մի շաբաթ առաջ բերեիք, մարդիկ կարդային, որ ձեր օգտին հարցեր տային»,-ասել է Ազատ Արշակյանը:
Նշենք, որ «Հարավ» ուղղության «Այո»-ի մասնակիցներն են՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը, Հայաստանի PR ասոցիացիայի նախագահ Արման Սաղաթելյանը, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Վարդան Այվազյանը: Իսկ «Ոչ»-ի ճակատից են հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի նախագահ Թամարա Գեւորգյանը, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը, ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին:





























