Հունաստանի պաշտպանության նախարարությունը բացառել է Հունաստանի մասնակցությունն «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողություններին:
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դիմիտրիս Վիցասը Skai հեռուստաալիքին տված իր հարցազրույցում ասել է, որ բացառվում է Հունաստանի մասնակցությունը ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններին:
«Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը կարող է մեզ ստիպել: Հունաստանն ուրիշ դեր պիտի խաղա: Մենք այնպիսի լուծում ենք պահանջում, որը Սիրիայում քաղաքական կայունության տարր պարունակի», -ասել է Վիցասը:
Փոխնախարարն ընդգծել է, որ չի բացառում փախստականների եւ ներգաղթյալների շարքերում գրոհայինների ներթափանցումը Եվրոպա, սակայն հիշեցրել է, որ Փարիզի ահաբեկչական գործողության հետ կապված երկու ահաբեկիչները ֆրանսիական քաղաքացիություն ունեին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:





























