ՀՀ պետբյուջեն 9 տարում ունեցել ընդամենը 6 տոկոսի իրական աճ։ Այս մասին նոյեմբերի 16-ին ՀՀ խորհրդարանում ասաց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ դիմելով ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին։ «Երկիրը չի զարգանում, եւ պատճառը դուք եք»,- հավելեց նա։

Բագրատյանի խոսքով՝ 2007թ. ՀՀ պետական բյուջեի եկամուտները նախատեսված էին 589 մլրդ դրամի չափով, իսկ 2016թ.՝ 1 տրլն 183 մլրդ դրամի։ Եթե հանենք 250 մլրդ թոշակային հատկացումները, որոնք առաջ բյուջեում չէին մտնում, մնում է 950 միլիարդից մի փոքր ավելի։ «Այլ կերպ ասած՝ ազգային արժույթի արտահայտմամբ բյուջեն աճել է 61 տոկոսով։ Սակայն եթե հանենք 9 տարվա ինֆլյացիան, ապա բյուջեի իրական աճը կկազմի ընդամենը 6 տոկոս։ Եթե մեր երկիրը չի զարգանում, մենք ստիպված ենք տեղը զիջել մեկ այլ, մրցունակ պետության։ Այդպիսին են պատմության դասերը։ Մենք պետք է զարգացնենք տնտեսությունը։ Եթե ոչ, աօա երկիրը ճահիճն ենք գլորում։ Բոլորով, սկսած ինձնից»,- ասել է Բագրատյանը։