Երեւանի կենդանաբանական այգում անցկացվել է «Դդմի օր-դիմակահանդես» կրթաճանաչողական տոն-մրցույթը: Միջոցառումը կազմակերպվել էր Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի՝ (FPWC) «Արեւորդի» 5-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում: Միջոցառմանն աջակցել է հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Այս տարի մրցույթին մասնակիցների աննախադեպ աճ էր գրանցվել: Աշնանային տոն-մրցույթին թիմերով մասնակցում էին Հայաստանի 34 տարբեր դպրոցներ ներկայացնող 10-ից 15 տարեկան շուրջ 300 աշակերտ: Պատանի խոհարարները դդմի, այլ մրգի ու բանջարեղենի ստեղծարար համադրությամբ՝ պատրաստեցին ախորժաբեր ուտեստներ Երեւանի կենդանաբանական այգու համար:

Ի դեպ, մասնակիցներն այգի էին եկել տարբեր կենդանիներ խորհրդանշող հանդերձանքով.  միջոցառումն ամփոփել է կենդանիների դիմակահանդես-շքերթը, որի մասնակիցներին ուղեկցում էր «Երեւանյան թմբուկներ» խումբը:

Մասնակիցները մրցում էին 8 անվանակարգում: Յուրաքանչյուր անվանակարգում ժյուրին առանձնացրեց լավագույն աշխատանքները, որոնք ներկայացրել էին «Լավագույն գաղափար»՝ Երեւանի Խ. Աբովյանի անվան հ. 84 հիմնական դպրոցը, «Լավագույն համադրություն»՝ Երեւանի Լ. Տոլստոյի անվան հ. 128 հիմնական դպրոցը, «Լավագույն ուտեստ»՝ Երեւանի Վ. Համբարձումյանի անվան հ. 17 հիմնական դպրոցը, «Լավագույն  թիմային աշխատանք»՝ Երեւանի Ա. Նավասարդյանի անվան հ. 196 հիմնական դպրոցը, «Արագ եւ որակով»՝ Կոտայքի մարզ, Թեղենիքի միջնակարգ դպրոցը, «Ամենակենդանատիպ ուտեստ»՝ Երեւանի Վ. Պետրոսյանի անվան համար 51 հիմնական դպրոցը, «Ամենաէկոլոգիական մոտեցում»՝ Երեւանի հ. 192 հիմնական դպրոցը, «Ամենաինքնատիպ հանդերձանք»՝ Երեւանի Սիամանթոյի անվան հ. 162 հիմնական դպրոցը:

«Գյուղի միակ, ընդամենը 35 աշակերտ ունեցող դպրոցի համար մեծ ուրախություն է այսքան ոգեւորված աշխատանքից հետո հարազատ գյուղ վերադառնալ մրցանակով»,-ասում է Թեղենիք գյուղի մասնակից խմբին ուղեկցող ուսուցիչը` Գոհար Մովսիսյանը: Հաղթող խմբերի անդամները որպես մրցանակ  2016 թ.-ին ` ողջ տարվա ընթացքում այգի անվճար այցելելու իրավունք ստացան: Խրախուսման նպատակով` 2016 թ.-ի հունիսին եւ հուլիսին Երեւանի կենդանաբանական այգի անվճար այցելության հնարավորություն ստացան նաեւ մասնակից մյուս թիմերը: