2016-ին Հայաստանի արտաքին պարտքը կկազմի ՀՆԱ 47-49 տոկոսը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում 2016 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել է Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Նրա խոսքով, իհարկե, 50 տոկոսի շեմը շատ կարեւոր է յուրաքանչյուր պետության համար: «Մենք նույնպես, ընդհանուր առմամբ, չենք ցանկանում մեծացնել արտաքին պարտքը, բայց կարեւոր է, թե ինչ ծրագրերի վրա են ծախսվում այդ գումարները, կարեւոր է, թե ինչպես են դրանք աշխատելու: Նավթի ու գազի պաշարներ ունեցող երկրներում ՀՆԱ/արտաքին պարտք հարաբերակցությունը ցածր է, բայց Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրներում, որոնք չունեն նման պաշարներ, այդ մակարդակը կամ համեմատաբար հավասար է, կամ ավելի բարձր է Հայաստանի ցուցանիշից»,-ընդգծել է Խաչատրյանը: