Բելգիայի ոստիկանությունն ավարտել է Մոլենբեկ շրջանում հատուկ գործողությունը, որի նպատակը փարիզյան ահաբեկչության հետ կապ ունեցողներին գտնելն էր։ Այդ մասին տեղեկացրել է Մոլենբեկի քաղաքապետ Ֆրանսուազ Շեպմանը:
Իշխանությունների հայտարարության համաձայն, գործողության ընթացքում ոչ մեկին չեն ձերբակալել:
«Գործողությունն ավարտված է: Արդյունքը բացասական է: Ոչ ոք չի ձերբակալվել»,-«Ֆրանս Պրես» գործակալությանն ասել է Բելգիայի դատախազության ներկայացուցիչ Էրիկ վան դեր Սիպտը:
Ավելի վաղ Մոլենբեկում ձերբակալվել էին Փարիզում հարձակումներ իրականացնելու մեջ կասկածվող մարդիկ:
Ֆրանսիայի իրավապահները ենթադրում են, թե փարիզյան գրոհները նախապատրաստվել են Բրյուսելի արվարձաններում, որտեղ ապրել է հարձակման մասնակիցներից առնվազն մեկը, տեղեկացնում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Ինչպես հայտնել է Բելգիայի ներքին գործերի նախարար Յան Ժամբոնը, Բրյուսելի խաղաղ բանվորական ծայրամասը «մայրցամաքային Եվրոպայում իսլամի մայրաքաղաքն է դարձել»:





























