Անցյալ ուրբաթ Փարիզում տեղի ունեցած  ահաբեկչական գործողություններից հետո Ֆրանսիայի կառավարությունը պիտի անհապաղ արգելի ներգաղթյալների մուտքը երկիր: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

«Նախազգուշական նկատառումներից ելնելով Մարին Լը Պենը պահանջում է անմիջապես եւ ամբողջությամբ դադարեցնել ներգաղթյալների ընդունումը Ֆրանսիայի տարածք, ինչպես նաեւ նրանց բաշխումը Ֆրանսիայի տարբեր վարչական տարածքների միջեւ` ինչպես քաղաքների, այնպես էլ գյուղերի», - ասվում է հայտարարության մեջ:

Ինչպես ընդգծել է Լը Պենը, նման միջոցառումը պիտի պայմանավորված լինի նրանով, որ ահաբեկիչ մահապարտներից մեկը, որը շաբաթ երեկոյան իրեն պայթեցրել էր  Stade de France մարզադաշտի մոտ, օգտվել էր մերձավորարեւելքցի փախստականների Ֆրանսիա նորհոսքի ալիքից: «Նա հոկտեմբերի 3-ին Հունաստան է եկել ներգաղթյալների զանգվածի հետ», - հիշեցրել է Լը Պենը` վկայակոչելով քննության առաջին տվյալները: