Տրանսպորտազբոսաշրջության ոլորտը երկուշաբթի բորսային առք ու վաճառքի արդյունքում մոտ 3 մլրդ դոլարի կորուստ է արձանագրել, տեղեկացնում է  Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:

Ամբողջ աշխարհով մեկ հյուրանոցներ ունեցող ֆրանսիական զբոսաշրջային Accor ընկերության բաժնետոմսերը STOXX 60 Travel & Leisure index հարթակում առք ու վաճառքի  ընթացքում ընկել են 5,1 տոկոսով, իսկ Air France ավիափոխադրող ընկերության բաժնետոմսերը` 6,5 տոկոսով:

Գործակալությունն իր կորուստների ընդհանուր ծավալը գնահատում է  2,79 մլրդ դոլարի մակարդակում, մինչդեռ Eurostar-ի եւ Փարիզի օդանավակայանների, մասնավորապես  Շառլ դը Գոլ եւ Օռլի օդանավակայանների բաժնետոմսերի արժեքն ընկել է ավելի քան  4 տոկոսով:

Շքեղության իրեր արտադրող ապրանքանիշները եւս ճնշման տակ են հայտնվել.  Hermes-ի, LVMH-ի եւ Kering-ի բաժնետոմսերի արժեքն ընկել է ավելի քան 1 տոկոսով:

«Շքեղության իրերի առումով Փարիզն աշխարհի ամենակարեւոր վայրերից մեկն է: Այս ամենը հատկապես բացասաբար է անդրադառնում շոփինգի վրա, որի հետ Սուրբ ծննդի եւ Նոր տարվա նախօրեին մեծ հույսեր են կապում մանրածախ վաճառքով զբաղվող ընկերությունները»,-նշում է Roche Brune Asset Management-ի փորձագետ Գրեգորի Լավեռնեն:

Վերլուծաբանները վստահ են, որ Փարիզի վրա ահաբեկչական հարձակումը երկարաժամկետ բացասական հետեւանքներ կունենա ինչպես զբոսաշրջության, այնպես էլ մանրածախ առեւտրի վրա, սակայն դա նոր հնարավորություններ է բացում համացանցային առեւտրի համար: