Շիրակի մարզի բնակիչ, պայմանագրային զինծառայող Ա. Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել հիվանդ, տարեց կնոջ տնից կողոպուտ, հյուրընկալված մտերիմ ընկերոջ տնից գողություն կատարելու և 8 օր ծառայության վայրն ինքնակամ թողնելու համար, գործը դատարանում է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննության տվյալներով՝ 2014թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, տարեց հարևանուհին, ինքնազգացողությունը վատթարանալու պատճառով, օգնության է կանչել  23-ամյա Ա.Կարապետյանին: Վերջինս, օգնություն ցուցաբերելու փոխարեն, օգտվելով տարեց կնոջ անօգնական վիճակից, հափշտակել է սեղանին դրված 15.000 ՀՀ դրամը, հեռուստացույցի մոտ գտնվող  ոսկյա շղթա, ականջօղ և երկու կախազարդ: Իսկ երբ տարեց կինը հատակին նստած դիրքից փորձել է տեղաշարժվել, նրա կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ երիտասարդը, կրծքավանդակից հրելով, կնոջը գետնին է պառկեցրել, ապա՝ բացահայտ հափշտակել նրա  պայուսակն ու դիմել փախուստի:

Քննությամբ պարզվել է նշված կողոպուտից հետո նրա մասնակցությամբ կատարված գողության երկու դրվագ։

Նախնական քննության տվյալներով՝ 2015 թ. ապրիլին գիշերելով ընկերոջ տանը՝  Ա.Կարապետյանը ննջասենյակի պահարանից հափշտակել է ընկերոջ մոր ոսկյա երկու մատանին, իսկ ամիսներ անց՝ 2015 թվականի հունիսի 3-ին, նույն ընկերոջ տանը գիշերելով՝ ննջասենյակի պահարաններից հափշտակել է 22.000 ՀՀ դրամ:

Ավելին՝  պարզվել է նաև, որ Ա.Կարապետյանը, պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելով, 2015 թվականի հունիսի 5-ից մինչև հունիսի 16-ը՝ մինչ ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցների կողմից հայտնաբերվելը, առանց հարգելի պատճառի 8 օր ծառայության չի ներկայացել:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (կողոպուտ՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն, որը  զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով), ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով (գողություն, երկու դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: