«Իսլամական պետության» գրոհայինները ֆինանսավորվում են 40 երկրից, որոնց թվում նաեւ «Մեծ քսանյակի» երկրներ կան: Նման հայտարարություն է  արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անթալիայում G20-ի գագաթնաժողովի  արդյունքներին նվիրված ճեպազրույցի ընթացքում: Պուտինը նշել է, որ անհրաժեշտ է կանխարգելել ահաբեկիչների կողմից նավթի ու նավթամթերքի անօրինական ձեռքբերումն ու վաճառքը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ նախագահն ավելացրել է, որ գագաթնաժողովին, որի առանցքային թեմաներից մեկն ահաբեկչության դեմ պայքարն էր, քննարկվել է նաեւ ՄԱԿ-ի ԱԽ-ի` ահաբեկչության ֆինանսավորումը կանխելու վերաբերյալ որոշման իրականացման անհրաժեշտությունը: 

Ռուսաստանի առաջնորդի խոսքով, ինքը գործընկերներին ցուցադրել է գրոհայինների նավթի շարասյուների լուսանկարներ, որոնք արվել էին տիեզերքից եւ ինքնաթիռներից: Ռուսաստանի նախագահը նշել է, որ շարասյուները ամբողջական նավթատար  համակարգերի տեսք ունեն: 

Ինչպես հաղորդում է РБК-ն` վկայակոչելով Associted Press-ին, ԻՊ-ի ահաբեկիչները Սիրիայում եւ Իրաքում անօրինականորեն ձեռք բերված նավթի վաճառքից ամսական  50 մլն դոլար եկամուտ են ստանում:  Իրաքյան հետախուզության տվյալների համաձայն, նրանք նավթը վաճառում են մեկ բարելի դիմաց 35 դոլարով, իսկ երբեմն գինն իջնում է մինչեւ մեկ բարելի դիմաց 10 դոլար: