Ռուսաստանը պատրաստ է հետաձգել Ուկրաինայի կողմից պարտքի մարումը եւ արդեն վերակազմավորման «լավագույն պայմաններ» է առաջարկել, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` ամփոփելով G20-ի գագաթնաժողովի արդյունքները: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ուկրաինական պարտքի վերակազմավորման նույնիսկ ավելի լավ պայմաններ է առաջարկել, քան այն, ինչ խնդրել էր Արժույթի միջազգային հիմնադրամը:  Պուտինի խոսքով, ԱՄՀ-ն խնդրում էր երեք միլիարդ պարտքի մարումը տեղափոխել  2016 թվական:

«Մենք անսպասելի առաջարկ ենք արել. ոչ միայն համաձայնել ենք վերակազմավորմանը, այլեւ լավագույն պայմաններ ենք առաջարկել: Մենք պատրաստ ենք ավելի խորը վերակազմավորման գնալ: Պատրաստ ենք այս տարի ընդհանրապես փող չստանալ, իսկ եկող տարի ստանալ մեկ միլիարդ  [դոլար], 2017-ին` եւս մեկ միլիարդ, եւ 2018-ին` եւս մեկ միլիարդ»,- պարզաբանել է Պուտինը, տեղեկացնում է РБК-ն:

ՌԴ նախագահը նշել է, որ ռուսական իշխանությունները հույս ունեն պարտքի մարման երաշխիքներ ստանալ ԱՄՆ կառավարությունից, Եվրամիության իշխանություններից կամ էլ  «ծանրակշիռ ֆինանսական հաստատություններից որեւէ մեկից» եւ հույս ունի, որ հարցը կլուծվի մինչեւ դեկտեմբերի սկիզբ:   

Պուտինն առանձնահատուկ ընդգծել է, որ այդ հարցն արդեն քննարկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդի եւ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուի հետ: