Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման՝ Ազատության հրապարակից մեկնարկած բողոք երթը դեպի Խանջյան փողոցում գտնվող ՀՖՖ շենք այսօր` նոյեմբերի 16–ին ավարտվեց ոստիկանների ու երթի մասնակիցների միջեւ բախումներից հետո:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ բախումների ժամանակ, երբ ոստիկանները փորձեցին բերման ենթարկել ակտիվիստներին՝ նրանց ոստիկանական ավտոմեքենան նստեցնելով, ակտիվիստները բղավեցին, պահանջեցին, որ իջեցնեն նրանց: Կարճ ժամանակ անց ակտիվիստներին իջեցրին ոստիկանական ավտոմեքենայից:
Դրանից հետո երթի կազմակերպիչները հայտարարեցին այսօրվա երթի ավարտի մասին: Հաջորդ երթը, որ նախատեսվում է նոյեմբերի 20-ին, կանցկացվի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի պահանջով:
Նշենք, որ երկրպագուներն այսօրվա երթով ՀՖՖ-ից պահանջում էին «հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում խարիզմատիկ, ճանաչված, հարուստ աշխատանքային փորձով մարզիչի, հավաքական չհրավիրվող, բայց լավ մարզավիճակ ունեցող ֆուտբոլիստների հարցի վերանայում, խաղացողը պետք է հրավիրվի ելնելով մարզավիճակից, եւ ոչ թե այս կամ այն պաշտոնյայի քմահաճույքից կամ ամբիցիաներից, հավաքականի տոմսերի գների վերանայում եւ իջեցում»։





























