ՀՀ քաղաքացի Ավթանդիլ Ավետիսյանին (հայտնի հակեր «Աֆոն») նոյեմբերի 14-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասով՝ երկու դրվագով՝ բուքմեյքերական կայքերի նկատմամբ համակարգչային սաբոտաժ կազմակերպելու համար, որը դիտավորությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում համակարգչային սաբոտաժի դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ համակարգչային հարձակումներն անմիջականորեն կատարվել են արտերկրում գտնվող հաքերների միջոցով, որոնց ինքնությունը պարզվում է:

Քննության ընթացքում պարզվել է, որ 2015 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 09.35-ից մինչև 17.00-ի սահմաններն ընկած ժամանակահատվածում, DDoS տեսակի համակարգչային հարձակում է կատարվել նաև մեկ այլ բուքմեյքերական կայքի վրա, որի հետևանքով կայքը տևական ժամանակով արգելափակվել է:

Քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռնարկված համագործակցված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ բուքմեյքերական նշված երկու կայքերի նկատմամբ DDoS տեսակի համակարգչային հարձակումը կազմակերպվել է նույն անձի կողմից:

Նախաքննությունը շարունակվում է: