ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանը նոյեմբերի 16-ին հայտարարել է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը, հնարավոր է, առաջիկայում նոր հարձակումներ իրականացնի:

«Իհարկե, ես դա (Փարիզի ահաբեկչությունները - խմբ.) չեմ գնահատի որպես եզակի իրադարձություն»,- Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում ունեցած ելույթում հայտարարել է Բրենանը:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, նա կարծում է, որ ներկա իրավիճակում ԱՄՆ-ն պետք է պահպանի զգոնությունը: Բրենանը նշել է, որ Փարիզի հարձակումները լավ նախապատրաստված էին, նաեւ ընդգծել, որ ահաբեկչական ցանցերի թիվը մեծացել է, որոնք հիմա նաեւ բարձր տեխնոլոգիական հնարավորություններ ունեն:

ԿՀՎ ղեկավարի խոսքով, արեւմտյան հատուկ ծառայությունների աշխատանքում ներկայում որոշակի բացթողումներ կան՝ կապված մեծ ծանրաբեռնվածության եւ ռեսուրսների անբավարարության հետ. «Եվրոպայի մեր բազմաթիվ գործընկերներ հսկայական թվով մարտահրավերների առջեւ են հայտնվել»:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Բրենանը նաեւ հանդես է եկել ԻՊ-ին դիմակայելու հարցում ռուսաստանցի գործընկերների հետ փոխգործակցության ակտիվացման օգտին՝ չնայած Սիրիայի հարցով առկա տարաձայնություններին: