Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղը նոյեմբերի 14-ի ուժեղ քամուց մի քանի միլիոն դրամի վնաս է կրել, ու պարզ չէ՝ վնասն ամբողջությամբ կփոխհատուցվի, թե ոչ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ղազարավանի գյուղապետ Հայկ Ասատրյանը:

«Մի 10-15 տանիք հիմնովին տարել ա, շինությունների պատեր ա քանդել, էլեկտրասյուներ ա գցել մի 15 հատ: Մարզպետի հանձնարարականով  եկել են,  տանիքների վնասները հաշվարկել են, գնացել, բայց մնացած վնասի մասերով ոչինչ չեն ասել»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ դեռ պարզ չէ՝ ինչքան փոխհատուցում կլինի ու երբ:

Գյուղացիներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ վնասվել են ոչ միայն շինություններ, այլեւ գերեզմանաքարեր, դրանք ուժեղ քամուց շրջվել են:

Էլեկտրասյուների ընկնելու հետեւանքով Ղազարավանում արդեն 4-րդ օրն է՝ էլեկտրականություն չկա:

Հիշեցնենք, որ ուժեղ քամին մեծ ավերածություններ է գործել հանրապետության մի քանի մարզերում: