Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը, որը կուսակցությունը լքեց Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից դուրս գալուց հետո, հորդորում է ԲՀԿ-ին չվերաբերվել որպես «այիբով» կուսակցության:
«Հանկարծ որեւիցէ մեկը չփորձի ԲՀԿ-ին ներկայացնել իբրեւ այիբով կուսակցություն: ԲՀԿ-ում էսօր կան շատ կարգին խարիզմատիկ մարդիկ, եւ ասեմ` ԲՀԿ-ի հետագա քաղաքական քայլերը ինձ համար դեռ մի քիչ անորոշ են եւ վերադառնալու մասին նույնիսկ չեմ մտածել, բայց շատ մեծ համակրանք ունեմ ոչ միայն ԲՀԿ-ի, այլ բոլորի նկատմամբ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արագած Ախոյանը:
Հարցին, թե այդ դեպքում ինչու ինքը լքեց կուսակցությունը փետրվարյան հայտնի դեպքերի ժամանակ, Ախոյանն պատասխանեց. «ԲՀԿ-ն տրավմա տարավ, տեսանք` փետրվարյան դեպքերը, ինչ եղավ, ոնց եղավ, եւ իհարկե, այսօր ԲՀԿ-ն վերագտնում է իրեն: Բայց սա որ ասում եմ, չհասկանաք որպես նամյոկ, որ ես մտադրություն ունեմ վերադառնալու այնտեղ: Ես նման մտադրություն չունեմ»:
Այնուամենայնիվ, Ախոյանը չի բացառում այլ կուսակցությանն անդամագրվելը։
«Ոչինչ երբեք չեմ բացառում, կարող է` գնում եմ ՀՅԴ կամ ՕԵԿ, ես նայում եմ ու տեսնում եմ` եթե ինքս ինձ գնահատելով կտեսնեմ` պետք եմ մեր երկրին ու նորից պետք է լինեմ մեր պառլամենտում, էն ժամանակ կորոշեմ»,– ասաց նա։





























