Այսօր ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի որսի արգելման ժամանակահատվածում իրականացվելիք երեք գերատեսչությունների (ՀՀ բնապահպանության նախարարություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան) համատեղ միջոցառումների ծրագրով նախատեսված փոխգործակցության մեխանիզմները:
Նոյեմբերի 4-ին ընդունվել է ՀՀ բնապահպանության նախարարի «Սեւանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների մասին» թիվ 320-Ա հրամանը: Հրամանով նախատեսված է իշխան եւ սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով նոյեմբերի 20-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը եւ 2016 թվականի հունվարի 6-ից մինչեւ հունվարի 20-ը ժամանակավորապես դադարեցնել Սեւանա լճում եւ այնտեղ թափվող գետերում ձկան եւ խեցգետնի որսը:
Նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով խորհրդակցության մասնակիցներին, ներկայացրել է համատեղ միջոցառումների ծրագիրը, որով նախատեսված է փակել Սեւանը գոտեւորող բոլոր անտառային ճանապարհները եւ տեղակայել հսկիչ կետեր, իրականացնել «Սեւան» ազգային պարկի տարածքից լողամիջոցների, որսագործիքների եւ ժամանակավոր կացարանների դուրս բերումը, սահմանել շուրջօրյա հերթապահություն` մշտական կապ պահպանելով իրավապահ մարմինների հետ, արգելել բոլոր տեսակի որսագործիքների եւ լողամիջոցների մուտքը Սեւանա լիճ: Նախատեսվում է նաեւ Լիճք, Վարդենիկ, Մաքենիս եւ Մասրիկ գետերի ավազանում գտնվող Լիճք, Վարդենիկ, Ախպրաձոր, Մաքենիս, Լճավան, Սոթք, Կարճաղբյուր, Ներքին Շորժա, Ջաղացաձոր, Գեղամաբակ, Ակունք, Պատվան, Խաչաղբյուր, Լուսակունք, Տորֆավան համայնքների բնակչության հետ տանել համապատասխան բացատրական աշխատանք, միաժամանակ սահմանելով խիստ հսկողություն այդ համայնքների հարակից տարածքներով հոսող գետերի հունի երկայնքով:
Արամայիս Գրիգորյանը մասնավորապես նշել է. «Ես կոչ եմ անում մեր ազգաբնակչությանը զե՛րծ մնալ ձկնորսություն իրականացնելուց, չխաթարե՛լ լճում ձկան բնական վերարտադրությունը, որպեսզի մոտ ապագայում մենք հասնենք ձկնապաշարի ցանկալի ծավալների եւ լճում արդյունագործական որսի հնարավորության հեռանկար ունենանք»:
Միաժամանակ շարունակվելու են Սեւանա լճի «սիգ» ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երեւանի եւ մարզերի շուկաներում, կազմակերպվելու են ստուգայցեր նաեւ Սեւանա լճի վրա եւ «Սեւան» ԱՊ տարածքում:
Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ նոյեմբերի 10-ից 17-ը Երեւանում եւ ՀՀ մարզերում իրականացրած միջոցառումների ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցներն առգրավել են համապատասխանաբար 279հատ /257կգ / եւ 43-հատ /ՀՀ Շիրակի եւ Լոռու մարզերից/ «սիգ» տեսակի ձուկ:
Մինչ այդ նախորդ երեք շաբաթների ընթացքում առգրավվել էր 333 հատ /176.5 կգ / «սիգ» եւ 54,4 կգ «կարաս» տեսակի ձուկ: Ընդհանուր առմամբ վերջին մեկ ամսում Բնապահպանական պետական տեսչության տարածքային ստորաբաժանումների շրջայցերի արդյունքում առգրավվել է 655 հատ /453.5կգ/ «սիգ» տեսակի եւ 54.4 կգ. «կարաս» տեսակի ձուկ:





























