Հայաստանի իշխանությունները ծառայողական մեքենաների վրա ավելի շատ փող են ծախսում, քան սահմանամերձ գյուղերի: Այդ մասին նոյեմբերի 17-ին հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` ելույթ ունենալով 2016-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը:
Այսպես, պետական մեքենաների սպասարկման համար բյուջեից կհատկացվի 1 մլրդ 300 մլն դրամ, իսկ սահմանամերձ գյուղերին օգնելու համար` 928 մլն (ընթացիկ փոխարժեքով մոտ 1,9 մլն դոլար): Փաշինյանը հիշեցրել է, որ ըստ պետբյուջեի նախագծի, 2016-ին Հայաստանում ծառայողական մեքենաների թիվը 82-ով կավելանա եւ կկազմի 1072 մեքենա: Համեմատության համար, Դանիայում ընդամենը 23 ծառայողական մեքենա կա, իսկ Հայաստանի միայն խորհրդարանում` 82: Մեկ շաբաթ առաջ պատգամավորը հարցում էր ուղարկել Դանիայի խորհրդարան, որտեղ նրան տեղեկացրել են, որ այնտեղ ծառայողական մեքենա միայն խոսնակն ունի: «Երբ տեսա Ռիկկե-Տուբորգ անունով դանիացի բարեխիղճ պաշտոնյայի պատասխանը, ապշեցի: Ասում եմ` Թանկագին Ռիկկե-Տուբորգ, գուցե ծաղրո՞ւմ եք: Ընդամենը մե՞կը:
Բայց Ռիկկե-Տուբորգը մինչեւ վերջ իրենը պնդեց: Ընդամենը մեկը` նախագահի համար: Իսկ հիմա վերադառնանք Հայաստան: Դե, մենք հինավուրց խորհրդարան ենք: Վաստակաշատ: Թող խորհրդարանի նախագահին մեքենա հասնի: Փոխնախագահներին էլ, եւ խմբակցությունների 6 նախագահներին: Լավ, մենք առատաձեռն ենք, թող մի-մի մեքենա էլ 12 հանձնաժողովների նախագահներին հասնի ու նրանց տեղակալներին: Լավ, աշխատակազմի ղեկավարին ու նրա երեք տեղակալներին էլ: Իսկ որտե՞ղ են մնացած 40 – 45 մարդը: Ովքե՞ր են: Ես 2012-ից խորհրդարանում եմ, բայց չեմ տեսել նրանց», - ասել է Փաշինյանը:
Նույնը վերաբերում է նաեւ կառավարությանը, որի աշխատակզմի 292 պաշտոնյային 81 մեքենա է հասնում: «Այստեղ կարելի է սոսկ մի բան ասել. թող ծառայողական մեքենաների սիրահարները կռանան եւ երթուղայիններով երթեւեկեն: Չէ՞ որ ամեն օր հարյուր հազարավոր ծերեր ու կանայք դրանցով են երթեւեկում», - ընդգծել է ընդդիմադիրը:




























