Վերջին 1,5 տարում ՀՀ կառավարությունը 1,5 մլրդ դոլար է ներգրավել՝ երկրի երկարաժամկետ զարգացման համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նա ընդգծել է, որ խոսքը պայմանավորվածությունների մասին է, եւ դեռ ոչ բոլոր գումարներն են ստացվել: Այդուհանդերձ, տնտեսությունն արդեն յուրացրել է դրանցից 146 մլն դոլարը: Այդ միջոցներն ուղղվում են երկարաժամկետ, ոչ թե ընթացիկ րագրերի իրականացմանը:

«Ընթացիկ ծախսերի համար մենք միջոցներ ունենք, այս պահին Կառավարության կայունացման հաշվին կա 75 մլրդ դրամ»,-ասել է նախարարը:

Նշված 146 մլն դոլարից՝ դրամով 70 մլրդ դրամից 59 մլրդ-ը ուղղվել է ծրագրերի ֆինանսավորմանը, 11 մլրդ-ը՝ բյուջետային աջակցությանը:

«Կոնկրետ ինչի՞ վրա են ծախսվել: Ճանապարհների, էլեկտրահաղորդման գծերի, ոռոգման համակարգերի: Դա տնտեսությունը խթանելու լավագույն միջոցն է: Այդ միջոցների ներգրավումը խոսում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանի հանդեպ բարձր վստահության մասին»,-ընդգծել է փոխվարչապետը: