Ռուսական «Դոնի Ռոստով» սուզանավը, որը Հյուսիսային նավատորմից վերադառնում էր Նովոռոսիյսկ, Միջերկրական ծովի արեւելյան հատվածից «Կալիբր» թեւավոր հրթիռներով հարված է հասցրել Սիրիայի Ռաքքա քաղաքում ԻՊ-ի դիրքերին։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ին մոտ կանգնած իր աղբյուրները։ ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ հարվածը հասցվել է այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել էր ուժեղացնել ահաբեկիչների դիրքերին հասցվող հարվածները А321 ռուսական օդանավի վթարին նրանց մասնակցության փաստը հաստատելուց հետո։

Սուզանավի հասցրած հարվածների թիրախը եղել են գրոհայինների մարզական բազաները, շտաբը, զենքի եւ սպառազինությունների պահեստները, դիսլոկացիոն կետերը։ Հարվածը հասցվել է բալիստիկ հետագծով։

Մոսկվան դեռեւս պաշտոնապես չի հաստատել ԻՊ-ի դիրքերին նոր հարվածներ հասցնելու լուրերը։ Այս մասին առաջին տեղեկությունները հայտնվել էին արեւմտյան մամուլում։ Ֆրանսիական le Monde-ն, վկայակոչելով Ֆրանսիայի ՊՆ-ն, հայտնել էր, որ  Միջերկրական ծովից ռուսական թեւավոր հրթիռներ են արձակվել Ռաքքայի ուղղությամբ։

Reuters գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ պաշտոնատար անձանց, նշել էր, որ Ռուսաստանը ամերիկյան կողմին նախազգուշացրել է թեւավոր հրթիռներից եւ ռազմավարական ռմբակոծիչներից հարվածներ հասցնելու մասին։ «Կոմսոմոլկսակայա պրավդա»-ի հետ զրույցում ՌԴ Գլխավոր շտաբից այս տեղեկությունը չեն հաստատել։