Շուտով Կառավարությունը խորհրդարանին կառաջարկի արտահերթ նիստ անցկացնել Զարգացման եվրասիական բանկի հետ վարկային համաձայնագրի կնքման համար: Այդ մասին նոյեմբերի 17-ին խորհրդարանում հայտնել է փոխվարչապետ, տնտեսական ինտեգրացիայի եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: 

Նա ընդգծել է, որ 300 մլն դոլարի համաձայնագիրը ոչ թե վարկ է, այլ` վարկային գիծ, իսկ դրա սահմաններում փոխառությունների ծավալը թողնված է Հայաստանի հայեցողությանը: Առաջին տարվա ընթացքում Հայաստանը հավանաբար  100 մլն դոլար կխնդրի: «Այդ միջոցները կուղղվեն երկրի երկարաժամկետ զարգացման ծրագրին», -  վստահեցրել է Գաբրիելյանը: Վարկային գիծը տրամադրվել է արտոնյալ պայմաններով. ժամկետը  20 տարի է, արտոնյալ ժամկետը` 10, տոկոսադրույքը` 2,1 տոկոս:

Զարգացման եվրասիական բանկը հիմնադրվել է 2006-ին` Ռուսաստանի եւ Ղազախստանի նախաձեռնությամբ: Հայաստանը  2009-ին բանկի անդամ է դարձել: