Ամերիաբանկի ռազմավարության եւ զարգացման ուղղություններից մեկը հեռակառավարման համակարգերի ու ծառայությունների զարգացումն է, որպեսզի ավելի բարելավվի հաճախորդների սպասարկման որակը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին «Ամերիա օնլայն եւ Մոբայլ բանկինգ» արշավի շրջանակում կայացած խաղարկության վիճակահանության ընթացքում հայտարարեց բանկի տնօրինության անդամ, մանրածախ գործառույթների գծով տնօրեն Արման Բարսեղյանը:

Ըստ նրա՝ վերջին 6-12 ամսում բանկը բազմաթիվ նորարարական ծառայություններ է առաջարկել, որոնցից է Մոբայլ Բանկինգ համակարգը, ինչը թույլ է տալիս հաճախորդին սմարթֆոնի միջոցով գործարքներ կատարել:  «Ի լրումն դրա` ներդրված է նաեւ կոմունալ վճարումների ավտոմատ ծառայություն, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին մեկ անգամ կոմունալ տվյալները մուտք գործել համակարգ, հրահանգել վճարման մասին, որից հետո համակարգը ստուգում է վճարումների անհրաժեշտությունը եւ կատարում է` սահմանված հրահանգին համախատասխան»,-ասաց Արման Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ Ամերիաբանկը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց առցանց գործարքները խրախուսելու նպատակով հոկտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 30-ը հայտարարել է «Ամերիա Օնլայն եւ Մոբայլ բանկինգ» արշավը, որի շրջանակում էլ հայտարարել էր խաղարկություն հոկտեմբերի 1-31-ն ընկած ժամանակահատվածում Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ համակարգում 5 եւ ավել գործարք իրականացնող օգտատերերի միջեւ: Պայմաններն իրականացրած 305 հաճախորդների միջեւ վիճակահանությունը կայացավ այսօր: Արկղից դուրս բերվեցին 168, 209, 227 համարները, որոնք ստացած հաճարդները շահեցին Lenovo IdeaPad պլանշետ:

Խաղարկությունը տեղի ունեցավ Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում` լրագրողների  ներկայությամբ: Ներկա էին նաեւ Ամերիաբանկի աշխատակիցներ ու Ամերիաբանկի տնօրինության անդամ, մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը:

Հիշեցնենք նաեւ, որ Ամերիա Օնլայն եւ Մոբայլ բանկինգ արշավի շրջանակներում մինչեւ դեկտեմբերի 30-ը Ամերիա Օնլայն/Ամերիա Մոբայլ Բանկինգ համակարգի օգտագործողներն օգտվում են արտոնություններից: Մասնավորապես, Ամերիաբանկի նոր եւ գործող ֆիզիկական անձ բոլոր քարտապաններին Ամերիա Օնլայն Բանկինգ ծառայությունը տրամադրվում է ընդամենը 1,000 ՀՀ դրամ միացման միանվագ վճարով` գործող 6,000 ՀՀ դրամի փոխարեն, զեղչը գործում է նաեւ Ամերիա Օնլայն Բանկինգ համակարգում միայն դիտելու իրավունք ունեցող ֆիզիկական անձ հաճախորդների համար, իսկ իրավաբանական անձանց երեք ամսով տրամադրվում է Ամերիա Օնլայն Բանկինգի անվճար փորձնական տարբերակ (trial):